Տառատեսակի չափը

A
A
A

Տառատեսակի չափը

A
A
A

Հաճախ տրվող հարցեր

Հանրակացարանային բնակելի տարածքները սեփականաշնորհելու կամ նվիրելու վերաբերյալ

 

Հարց 1. Ու՞մ կարող են սեփականաշնորհվել հանրակացարանային բնակելի տարածքները:

Պատասխան. Հանրակացարանային բնակելի տարածքները կարող են սեփականաշնորհվել՝

1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած և ՀՀ քաղաքացիություն ստացած այն անձանց, որոնք՝

տվյալ տարածքում հաշվառված են և վերջին երեք տարուց ավելի փաստացի բնակվում են,

պետական բնակապահովման ծրագրերով նախկինում բնակարան չեն ստացել,

վերջին 2 տարվա ընթացքում սեփականության իրավունքով անշարժ գույք չեն ունեցել (բացառությամբ որոշ բացառությունների)։ 

 

Հարց 2. Ի՞նչ կարգով են սեփականաշնորհվում հանրակացարանային 

բնակելի տարածքները ՀՀ-ում:

Պատասխան. Հայաստանի Հանրապետությունում հանրակացարանային բնակելի տարածքների սեփականաշնորհումը իրականացվում է ՀՀ կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 19-ի N 2037-Ն որոշմամբ հաստատված կարգով։ 

 

Հարց 3. Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ բնակելի տարածքների սեփականաշնորհման համար։

Պատասխան.

Անհրաժեշտ են՝

  • դիմում,
  • անձնագրի կամ նույնականացման քարտի պատճեն,
  • ընտանիքի անդամների անձնագրերի կամ նույնականացման քարտերի պատճեններ,
  • անչափահասների ծննդյան վկայականների պատճեններ,
  • տեղեկանք բնակության վայրից տվյալ տարածքում բնակվելու մասին,
  • տեղեկանք վարձավճարի պարտք չունենալու մասին (եթե տարածքը վարձակալված է),
  • հաշվառման մասին տեղեկանք,
  • տեղեկանք հողամասի չկառուցապատված լինելու մասին (եթե կա հողամաս),
  • անհրաժեշտության դեպքում՝ բռնագաղթի և ՀՀ քաղաքացիություն ստանալու փաստը հաստատող տեղեկանք։

 

Հարց 4.  Ի՞նչ կարգով են նվիրվում բնակելի տարածքները ՀՀ-ում։

Պատասխան.  Պետական մարմիններին ամրացված բնակելի տարածքների նվիրատվության գործընթացն իրականացվում էր համաձայն ՀՀ կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 19-ի N 2037-Ն որոշման հավելված 3-ով սահմանված կարգի։ Նախկինում կիրառվող՝ շահառուներին բնակելի տարածքների նվիրատվությամբ տրամադրման հնարավորությունը դադարեցվել է ՀՀ կառավարության 2025 թվականի դեկտեմբերի 25-ի N 1957-Ն որոշմամբ (այսուհետ՝ Որոշում)։ Ներկայումս  շահառուների դիմումները քննվում են 2037-Ն որոշմամբ սահմանված կարգով, եթե համապատասխան դիմումները ներկայացվել են մինչև Որոշումն ուժի մեջ մտնելու օրը (2025 թվականի դեկտեմբերի 26-ը)։

 

Հարց 5. Ու՞մ կարող են նվիրվել բնակելի տարածքները ՀՀ-ում։

Պատասխան. Պետական մարմիններին ամրացված բնակելի տարածքները կարող են նվիրվել՝ այն քաղաքացիներին, ովքեր

  • հաշվառված են համապատասխան բնակելի տարածքում և վերջին երեք տարուց ավելի փաստացի բնակվում են այնտեղ,
  • պետական աջակցությամբ իրականացված բնակապահովման ծրագրերի շրջանակներում երբևէ բնակարան կամ բնակելի տուն չեն ձեռք բերել,
  • բնակարան ձեռք բերելու համար ֆինանսական աջակցություն չեն ստացել,
  • վերջին երկու տարվա ընթացքում չեն ունեցել սեփականության իրավունքով իրենց պատկանող անշարժ գույք, բացառությամբ՝չկառուցապատված հողամասերի, բնակելի նշանակության օժանդակ շինությունների,ոչ բնակելի նշանակություն ունեցող շենքերի և շինությունների։ 

 

Հարց 6.  Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ բնակելի տարածքների նվիրատվության համար։

Պատասխան. Հայաստանի Հանրապետության քաղաքացիները իրենց կողմից զբաղեցրած տարածքի նվիրատվության համար ներկայացնում են հետևյալ փաստաթղթերը`

  • դիմում,
  • անձնագրի կամ նույնականացման քարտի պատճեն,
  • ընտանիքի անդամների փաստաթղթեր,
  • բնակության վայրի մասին տեղեկանք,
  • պարտքի բացակայության տեղեկանք (եթե տարածքը վարձակալված է),
  • անհրաժեշտության դեպքում՝ բռնագաղթի փաստը հաստատող տեղեկանք։

 

7.Հարց.  Ո՞ր մարմինն է կնքում  նվիրատվության մասին պայմանագրերը։

Պատասխան. Պետական գույքի նվիրատվության կամ նվիրաբերության պայմանագիրը  Հայաստանի Հանրապետության անունից Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների հիման վրա կնքում է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեն:

 

 

Ոլորտի օրենսդրական հարցեր

Հարց 1. Ի՞նչ է պետական գույքը

Պատասխան. Հայաստանի Հանրապետությանը սեփականության իրավունքով պատկանող անշարժ և շարժական գույքը, ներառյալ՝

 1) Հայաստանի Հանրապետությանը սեփականության իրավունքով պատկանող շենքերը և շինությունները (այդ թվում՝ այլ պետություններում գտնվող), պետական կամ ենթակա պետական մարմիններին և կազմակերպություններին հանձնված (ամրացված) պետական հողամասերի, ինչպես նաև այդ շենքերի, շինությունների սպասարկման և օգտագործման համար հատկացված՝ պետական սեփականություն հանդիսացող հողամասերը ու դրանց օպտիմալացման արդյունքով առանձնացված՝ չկառուցապատված հողամասերը.

 2) առևտրային կազմակերպություններում պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնետոմսերը (բաժնեմասերը),

 3) սեփականության իրավունքով պետությանը պատկանող մտավոր սեփականության օբյեկտները և դրանց նկատմամբ իրավունքները.

 4) պետությանը պատկանող գույքային իրավունքները: 

5) պետական մարմինների, հիմնարկների և կազմակերպությունների հաշվեկշռում հաշվառված՝ պետական սեփականություն հանդիսացող թանկարժեք մետաղները, թանկարժեք քարերը, ինչպես նաև թանկարժեք մետաղներից և թանկարժեք քարերից պատրաստված իրերը, բացառությամբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հաշվեկշռում գտնվող արժեքների և Հայաստանի Հանրապետության թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի ազգային հավաքածուի։

 

Հարց2. Ի՞նչ է պետական գույքի կառավարումը։

Պատասխան.  Պետական գույքի նպատակային և ծրագրային կառավարման, ներառյալ՝ հաշվառման, գնահատման, պետության սեփականության իրավունքի գրանցման աշխատանքների կազմակերպման, պետական գույքի շրջանառության, ինչպես նաև գույքի պահպանվածության ապահովման ու կառավարման նկատմամբ վերահսկողության կազմակերպված գործընթաց է:

 

Հարց 3. Ի՞նչ է պետական առևտրային կազմակերպությունը։

Պատասխան. Պետական առևտրային կազմակերպությունը ընկերություն է, որի 100 տոկոս բաժնետոմսերը պետական սեփականություն են:

 

Հարց 4. Ի՞նչ է պետական գույքի մասնավորեցումը։

Պատասխան. Մասնավորեցումը պետական գույքի նկատմամբ սեփականության կամ պետությանը պատկանող այլ գույքային իրավունքների փոխանցումն է մասնավորեցման սուբյեկտներին:

 

Հարց 5. Ի՞նչ է պետական գույքի օտարումը։

Պատասխան. Պետական գույքի օտարումը Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան պետական գույքի նկատմամբ սեփականության կամ այլ գույքային իրավունքի փոխանցումն է իրավաբանական և ֆիզիկական անձանց, համայնքներին, ինչպես նաև օտարերկրյա անձանց:

 

Հարց 6. Ի՞նչ է իրենից ներկայացնում պետական գույքի հաշվառման գրանցամատյանը։

Պատասխան. Պետական գույքի հաշվառման գրանցամատյանը թղթային և (կամ) էլեկտրոնային կրիչների վրա պարունակվող տեղեկատվական համակարգ է, որը ներառում է հաշվառման ենթակա օբյեկտների մասին միասնական մեթոդաբանական և ծրագրային-տեխնիկական սկզբունքներով կազմված տեղեկություններ։

 

 Հարց 7. Ի՞նչ է պետական գույքի կառավարման ծրագիրը։

Պատասխան. Պետական գույքի կառավարման ծրագիրը պետական գույքի կառավարման նպատակների իրագործմանն ուղղված, տվյալ ժամանակահատվածում իրականացվող միջոցառումների և գործարքների, առաջնահերթությունների ու սահմանափակումների նկարագրությունը սահմանող՝ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատվող միջոցառումների համակարգ է: Պետական գույքի կառավարման եռամյա ծրագիրը մշակվում է այս ոլորտում ծրագրի գործողության ժամանակահատվածում իրականացվող քաղաքականության միասնականությունն ու շարունակականությունն ապահովելու նպատակով երեք տարի ժամկետով:

 

 Հարց 8. Ի՞նչ է պետական գույքային հարաբերությունները։

Պատասխան. պետական գույքային հարաբերությունները պետական գույքի տնօրինման, տիրապետման և օգտագործման, ինչպես նաև գույքային շրջանառության ընթացքում պետական կառավարչական և տեղական ինքնակառավարման մարմինների, իրավաբանական անձանց և քաղաքացիների միջև ծագող հարաբերություններն են։

 

Հարց 9. Ի՞նչ է պետական գույքային շրջանառությունը։

Պատասխան. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքով, պետական գույքի մասնավորեցման, օտարման և օգտագործման վերաբերյալ օրենսդրությանը համապատասխան պետական գույքի նկատմամբ իրավունքների անցումն է պետությունից իրավաբանական և ֆիզիկական անձանց, համայնքներին և օտարերկրյա անձանց:

 

Հարց 10. Ի՞նչ է պետական սեփականություն հանդիսացող շենքերի, շինությունների պահպանումը։

Պատասխան. Գործողությունների ամբողջություն է, որով ապահովվում է, որ պետությանը պատկանող շենքերը, շինությունները և այլ անշարժ գույքը պահպանվեն, ճիշտ օգտագործվեն և չվնասվեն:

 

Հարց 11. Ի՞նչ է պետական սեփականություն հանդիսացող շենքերի և շինությունների սպասարկումը։

Պատասխան. Շենքերի, շինությունների ջրամատակարարման, ջրահեռացման, էլեկտրամատակարարման, վերելակների և սանհանգույցների անխափան աշխատանքի, ընդհանուր օգտագործման տարածքների (այդ թվում՝ նկուղների և տանիքների) պահանջվող սանիտարահիգիենիկ պայմանների, լուսավորության ապահովման և աղբահանության իրականացման, սպասարկման գույքով ապահովման, ինչպես նաև հսկիչ անցաթղթային անվտանգության ծառայությունների մատուցումն է որոշակի վճարի դիմաց:

 

Հարց 12. Վարձակալներն ի՞նչ արտոնություններ ունեն պետական գույքի մասնավորեցման գործընթացում։

Պատասխան. Եթե վարձակալած գույքը մասնավորեցման ծրագրերում ընդգրկված ընկերություններին պատկանող գույքի մաս չէ և եթե վարչական և հասարակական շենքերում և շինություններում վարձակալած տարածք չէ, պետական գույքի վարձակալներն ունեն այդ գույքի մասնավորեցման նախապատվության իրավունք:

 

Հարց 13. Ի՞նչպես է հաշվարկվում պետական գույքի վարձավճարը։

Պատասխան.  ՀՀ կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի  N 914-Ն որոշման համաձայն` վարձակալության տրամադրվող գույքի ամսական վարձակալական վճարների մեծությունը որոշվում է շուկայական գնահատմամբ՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

Հարց 14. Ի՞նչպես է հաշվարկվում անշարժ գույքի դեպքում ուղղակի եղանակով վաճառքի գինը

Պատասխան.  Անշարժ գույքն ուղղակի եղանակով վաճառքի ներկայացվելու դեպքում գույքի վաճառքի գինը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգով՝ գնահատված արժեքի առնվազն 100 տոկոսի չափով՝ բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված դեպքերի:

 

Հարց 15. Ի՞նչպես է հաշվարկվում Գույքն՝ էլեկտրոնային աճուրդով կամ մրցույթով վաճառքի ներկայացվելու դեպքում գույքի առաջին էլեկտրոնային աճուրդով վաճառքի մեկնարկային կամ առաջին մրցույթով վաճառքի նվազագույն գինը:

 

Պատասխան.  Գույքն էլեկտրոնային աճուրդով կամ մրցույթով վաճառքի ներկայացվելու դեպքում գույքի առաջին էլեկտրոնային աճուրդով վաճառքի մեկնարկային կամ առաջին մրցույթով վաճառքի նվազագույն գինը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգով, շարժական և անշարժ գույքերի դեպքում՝ գնահատված արժեքի 100 տոկոսի չափով։ Հողամասի՝ աճուրդով վաճառքի մեկնարկային գինը չի կարող պակաս լինել Հողային օրենսգրքի 67-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված արժեքից:

Հարց 16. Ինչպե՞ս են ՀՀ-ում պետական գույքի վաճառքի նպատակով կազմակերպվում աճուրդները։

Պատասխան. ՀՀ-ում պետական գույքը վաճառվում է էլեկտրոնային աճուրդով ՀՀ կառավարության 2023 թվականի սեպտեմբերի 28-ի N 1667-Ն որոշմամբ հաստատված կարգով:

 

Հարց 17. Որո՞նք են պետական գույքի օտարման եղանակները։

Պատասխան. Պետական գույքի օտարումն իրականացվում է հետևյալ եղանակներով`

1) հրապարակային սակարկություն (մրցույթ կամ աճուրդ (էլեկտրոնային)),

2) ուղղակի վաճառք,

3) նվիրատվություն կամ նվիրաբերություն,

4) փոխանակություն,

 5)«Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված այլ եղանակներ,

 6) ներդրում` ներառյալ իրավաբանական անձի կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալում ներդրումը «Պետություն-մասնավոր գործընկերության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված ՊՄԳ ծրագրի շրջանակներում:

 

Հարց 18.Որո՞նք են պետական գույքի մասնավորեցման եղանակները։

Պատասխան. Պետական գույքի մասնավորեցումն իրականացվում է հետևյալ ձևերով`

1) բաժնետոմսերի ազատ բաժանորդագրություն,

2) աճուրդ,

3) մրցույթ (այդ թվում` միջազգային մրցույթ),

4) ուղղակի վաճառք,

5) նոր բաժնետոմսերի բաց կամ փակ տեղաբաշխում,

6) պարտատոմսերի թողարկում բաժնետոմսերի փոխարկման իրավունքով,

7) բաժնետոմսերի վաճառք մասնագիտացված շուկաներում,

8) պետական գույքի, ինչպես նաև ֆիզիկական և իրավաբանական անձանց և համայնքների գույքի նկատմամբ պետությանը պատկանող օգտագործման իրավունքի փոխանցում:

 

 Հարց 19. Ինչպե՞ս է մասնավորեցվում լուծարված պետական ընկերությունների գույքը։

Պատասխան. Լուծարված պետական ընկերությունների գույքը կարող է մասնավորեցվել «Պետական գույքի մասնավորեցման /սեփականաշնորհման/ մասին» ՀՀ օրենքով սահմանված ձևերով` որպես գույքի առանձին տարրեր, ինչպես նաև այդ գույքի կամ դրա մի մասի հիման վրա նոր ընկերություն ստեղծելու միջոցով:

 

Հարց 20. Ի՞նչ երաշխիքներ կարող է տալ պետությունը մասնավորեցման մասնակիցներին։

Պատասխան. Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է մասնավորեցման մասնակիցների իրավունքները: Դրանց խախտման համար մեղավոր պաշտոնատար անձինք պատասխանատվություն են կրում օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով:

Մասնավորեցման ընթացքում և հետևանքով լիազորված պետական մարմնին հայտնի դարձած՝ մասնավորեցման մասնակիցներին վերաբերող տեղեկությունները, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի, ենթակա չեն հրապարակման` առանց վերջիններիս համաձայնության:

 Հարց 21. Ինչպե՞ս կարող են մասնավորեցման գործարքներն անվավեր ճանաչվել։

Պատասխան. Մասնավորեցման գործարքները դատական կարգով անվավեր են ճանաչվում, եթե մասնավորեցված գույքը ենթակա չէ մասնավորեցման, կամ մասնավորեցման հետևանքով պետական սեփականություն ձեռք բերած անձն իրավունք չունի մասնակցելու մասնավորեցմանը: Վերջին դեպքում գործարքը կարող է անվավեր ճանաչվել միայն այդ անձին վերաբերող հարցով:

Մասնավորեցման համար վճարումները, այդ թվում` հերթական վճարումը, ինչպես նաև մասնավորեցման գործարքի այլ պայմանները չկատարելու դեպքում լիազորված պետական մարմինը հայց է ներկայացնում դատարան` գնորդին սեփականության իրավունքով պատկանող գույքի վրա բռնագանձում տարածելու մասին:

 

Հարց 22. Ինչպե՞ս կարող են մրցույթով գույքի օտարման գործարքներն անվավեր ճանաչվել։

Պատասխան. Մրցույթն անվավեր կարող է ճանաչվել դատական կարգով: Դատական կարգով մրցույթն անվավեր ճանաչելը հանգեցնում է մրցույթի արդյունքների հիման վրա կնքված պայմանագրի անվավերությանը:

Հարց 23. Երբ են մրցույթով գույքի օտարման գործարքները ճանաչվում չկայացած։

 Պատասխան. Մրցույթը համարվում է չկայացած, եթե՝

1) մրցույթի մասնակցության համար ոչ մի հայտ չի ներկայացվել.

2) մրցույթի հայտատուներից ոչ մեկը մրցույթի մասնակցի կարգավիճակ չի ստացել.

3) մրցույթում հաղթող ճանաչված մասնակցի կամ նրա լիազոր ներկայացուցչի կողմից մրցույթի արդյունքների արձանագրությունը չի ստորագրվել կամ հետագա վճարումները չի կատարվել, կամ պայմանագիր չի կնքվել.

4) արտակարգ իրավիճակի պատճառով անհնար է դառնում մրցույթով նախատեսված աշխատանքների կատարումը։

 

Հարց 24. Ու՞մ կարող է տրամադրվել պետական անշարժ գույքը անհատույց  օգտագործման իրավունքով։

Պատասխան. Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ պետական անշարժ գույքն անհատույց օգտագործման իրավունքով կարող է տրամադրվել`

1) համայնքներին,

2) լրատվական գործունեություն իրականացնող իրավաբանական կամ ֆիզիկական անձանց,

3) հասարակական կազմակերպություններին և հիմնադրամներին,

4) միջազգային կազմակերպություններին,

5) ֆիզիկական անձանց,

6) անհրաժեշտության դեպքում՝ այլ կազմակերպությունների:

 

Հարց 25. Կարո՞ղ է արդյոք անհատույց օգտագործման տրամադրված տարածքն օգտագործողը տրամադրել վարձակալության։

Պատասխան. Անհատույց օգտագործման տրամադրված տարածքը կամ դրա մասն օգտագործողի կողմից որևէ գույքային իրավունքով չի կարող տրամադրվել այլ անձի:

 

Հարց 26. Ու՞մ կողմից է պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքը տրվում անհատույց օգտագործման։

Պատասխան. Պետական սեփականություն հանդիսացող շենքերը, շինությունները, տարածքներն անհատույց օգտագործման են տրամադրվում Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման հիման վրա Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի կողմից (բացառությամբ՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված սոցիալական բնակարանային ֆոնդի բաշխման և հատուկ խմբերին դասված որոշակի կատեգորիայի անձանց ժամանակավոր հիմունքներով բնակելի տարածքի հատկացման դեպքերի)` օգտագործողի հետ կնքելով նաև սպասարկման պայմանագիր: 

 

Հարց 27. Ի՞նչ ձևերով կարող է պետական գույքը տրամադրվել վարձակալության։

Պատասխան. ՀՀ կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի  N 914-Ն որոշման համաձայն` պետական կառավարման համակարգի մարմինների տիրապետմանը և օգտագործմանը հանձնված (ամրացված) գույքը (բացառությամբ՝ պաշտպանական, սահմանային, քաղաքացիական պաշտպանության ռազմարդյունաբերության, ինչպես նաև ազգային անվտանգության բնագավառի պետական կառավարման լիազորված մարմնի տիրապետմանը և օգտագործմանը հանձնված պետական գույքը, որն իր նշանակությամբ նախատեսված է գաղտնի աշխատանքների կատարման համար), ինչպես նաև պետական ոչ առևտրային կազմակերպություններին, պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններին  և հիմնադրամներին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված պետական սեփականություն հանդիսացող գույքը  տրամադրվում է վարձակալության հրապարակային սակարկություններով (մրցույթ կամ աճուրդ (նաև էլեկտրոնային)) կամ ուղղակի եղանակով:

 

Հարց 28.  Ու՞մ կարող է ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցվել պետական սեփականություն համարվող գույքը։

Պատասխան. Ուղղակի վաճառքի ձևով պետական գույքը կարող է մասնավորեցվել պետական գույքի վարձակալին, աշխատավորական կոլեկտիվին, ոչ պետական բաժնեմասի սեփականատիրոջը (սեփականատերերին) կամ հավանական գնորդին, եթե այն նախօրոք հայտնի է:

 

Հարց 29.  Ու՞մ կարող է ուղղակի վաճառքի ձևով օտարվել պետական սեփականություն համարվող գույքը։

Պատասխան. Պետական գույքը վաճառվում է ուղղակի եղանակով գործարար (ներդրումային) ծրագիր ներկայացրած, նախօրոք հայտնի գնորդին և տվյալ գույքի վարձակալին, եթե գույքի վաճառքի մասին իրավական ակտով այլ բան նախատեսված չէ։

 

Հարց 30. Ի՞նչն է հիմք հանդիսանում պետական գույքը վարձակալներին ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնելու համար

Պատասխան. Պետական գույքը վարձակալներին ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնելու հիմք է հանդիսանում ՀՀ ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտե ներկայացված հայտը:

 

Հարց 31. Պետական մարմնին ամրացված գույքը ե՞րբ կարող է ուղղակի ձևով տրամադրվել վարձակալության՝

Պատասխան. Պետական մարմնին ամրացված գույքը կարող է ուղղակի ձևով տրամադրվել տվյալ գույքի վարձակալին, որը պատշաճ, բարեխիղճ կատարել է վարձակալության պայմանագրով նախատեսված պարտավորությունները և գույքի վարձակալության ժամկետը երկարաձգելու համար վարձակալության պայմանագրի ժամկետը լրանալուց ոչ ուշ քան 1 ամիս առաջ ներկայացրել է վարձակալության պայմանագիրը վերակնքելու հայտ։

Հարց 32. Ինչպե՞ս է իրականացվում մրցույթի մասին հրապարակումը։

Պատասխան. ՀՀ կառավարության 2021 թվականի ապրիլի 15-ի N 587 որոշման համաձայն` Գույքի մրցույթով վաճառքի մասին իրավական ակտն ուժի մեջ մտնելու օրվանից հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում լիազոր մարմինն իր պաշտոնական և www.azdarar.am հասցեում գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքերում հրապարակում է գույքի մրցույթով վաճառքի մասին հայտարարությունը, ընդ որում, շարժական գույքի դեպքում մրցույթն անցկացվում է հայտարարության հրապարակմանը հաջորդող 30-րդ օրվանից ոչ շուտ, իսկ անշարժ գույքի դեպքում՝ հայտարարության հրապարակմանը հաջորդող 60-րդ օրվանից ոչ շուտ: