Տառատեսակի չափը

A
A
A

Տառատեսակի չափը

A
A
A

Կոմիտեի մասին

Համառոտ պատմական ակնարկ       

Անկախության հռչակումից հետո (1990թ. օգոստոսի 23) Հայաստանի Հանրապետության կարևորագույն խնդիրներից էր շուկայական տնտեսության ձևավորումը, որը պետք է խարսխվեր առաջին հերթին մասնավոր սեփականության իրավունքի վրա: Արտադրության միջոցների գրեթե համատարած հանրային (պետական) սեփականության պայմաններում շուկայական հարաբերությունների հետագա զարգացումը կարող էր ընթանալ երկու հիմնական ճանապարհով.

- պետական սեփականության վերափոխումը մասնավորի կամ կոլեկտիվ սեփականության,

- մասնավոր սեփականատերերի միջոցներով մասնավոր սեփականության կայացում:

Մեզանում ընդունվեց նշված երկու ճանապարհների զուգակցումը, ինչն ավելի արագորեն կմոտեցներ շուկայական տնտեսության կառուցմանը: Նկատի ունենալով, որ 1990-ական թվականների սկզբին Հայաստանի Հանրապետությունը հայտնվել էր ինչպես արտաքին, այնպես էլ ներքին աշխարհքաղաքական, սոցիալ-տնտեսական և ժողովրդագրական բարդ իրադրությունում, նախապատվությունը տրվեց պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհմանը և ապապետականացմանը: Մի գործընթաց, որն էլ Երրորդ Հանրապետության շուկայական տնտեսության կայացման ճանապարհ հանդիսացավ:

Արտադրության միջոցների պետականից մասնավոր սեփականության անցման համար անհրաժեշտ էին մի շարք պայմաններ և նախադրյալներ, որոնցից հիմնականներն էին.

  1. քաղաքական, երբ հասարակությունը, հանձին իր օրենսդիր մարմնի, ապահովում է հանրայինից (պետականից)  մասնավոր սեփականության անցման իրավական հիմքը (ՀՀ օրենքներ, ՀՀ կառավարության որոշումներ և այլ իրավական ակտեր),
  2. երբ կան համապատասխան պետական կառավարման մարմին(ներ), որոնք պատրաստ են իրագործել «անցման» այդ գործընթացը,
  3. երկրում առկա է բարենպաստ միջավայր և հասարակական կարծիք մասնավոր սեփականության իրավունքի օգտին,
  4. առկա են համապատասխան մասնագետներ, որոնց գիտելիքներն ու հմտությունները բավարար են ապահովելու և իրականացնելու համար այդ գործընթացները:

Անկասկած է, որ նախկին Խորհրդային Միության կազմալուծման տնտեսական հիմնական պատճառների շարքում տնտեսությունում աշխատողների շահագործումը (աշխատանքի նկատմամբ մոտիվացիան կամ բարձր արտադրողական և արդյունավետ աշխատանքը) այն թույլ «օղակներից» մեկն էր, եթե ոչ ամենաթույլը, որն ամբողջությամբ նվազեցնում էր արտադրության միջոցների ոչ միայն օգտագործման արդյունավետությունը, այլև դրանց պահպանումը և շահագործումը: Պետական ձեռնարկությունների գործունեության ցածր արդյունավետության հիմնական պատճառները բացատրվում էին պետական սեփականության օգտագործման նկատմամբ աշխատողների ցածր կամ բացակայող շահագրգռվածությամբ, քանի որ նախկին Խորհրդային Միության տնտեսական-սեփականատիրական հարաբերությունները կառուցված էին անհեթեթ աբստրակտիվ հասկացության վրա «բոլորինն է, բայց՝ ոչ մեկինը»:

Մասնավոր սեփականության իրավունքի վրա կառուցվող տնտեսության ճանապարհին կարևոր էր այդ գործընթացների և ընթացակարգերի վերաբերյալ համապատասխան իրավական ակտերի ընդունումը, որոնք հաստատվեցին նախ ՀՀ կառավարության որոշումներով և որոնք սկզբնապես վերաբերում էին առևտրի, հանրային սննդի և կենցաղ սպասարկման փոքր օբյեկտներին: Դրանք իրագործելու նպատակով ստեղծվեց նաև միջգերատեսչական հանձնաժողով՝ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալի նախագահությամբ, ինչպես նաև կազմակերպական աշխատանքների (հաշվառման, գույքի գնահատման, դրանց ուղղակի և հանրային վաճառքների (աճուրդ, մրցույթ) կատարման համար ՀՀ նախարարների խորհրդին առընթեր պետական ունեցվածքի տնօրինման և ապապետականացման կոմիտե:

«Պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման մասին» ՀՀ օրենքի ընդունմամբ (1992թ.-ին) ձևավորվեց ՀՀ-ում սեփականաշնորհում և ապապետականացում իրականացնող հանձնաժողով՝ 20 անդամից բաղկացած, որոնցից 10-ին նշանակում էր ՀՀ Նախագահը, իսկ մյուս 10-ին՝ ՀՀ Գերագույն խորհուրդը (հանձնաժողովի առաջին նախագահը՝ Ս.Ղոնախչյան):

Նշված օրենքով սահմանված կարգերով ՀՀ-ում իրականացվեց մասնակի անհատույց սեփականաշնորհում, որի արդյունքում ՀՀ տնտեսության 1010 միջին և խոշոր պետական ձեռնարկություններ վերակազմավորվեցին փակ բաժնետիրական ընկերությունների: Վերակազմավորված ընկերությունների գույքի հաշվեկշռային արժեքի 20%-ն անհատույց տրվեց այդ կազմակերպությունների աշխատավորական կոլեկտիվներին (վերջիններիս մեջ ընդգրկված էին 8 պայմանական խմբերի  աշխատակիցներ): Մասնակի անհատույց սեփականաշնորհումը թույլ  տվեց նաև կոլեկտիվների միջոցներով իրականացնել մասնակի ներդրումներ, ինչի հետևանքով ավելանում էր այդ ընկերությունների աշխատավորական կոլեկտիվների մասնաբաժինը կանոնադրական կապիտալում՝ համամասնաբար նվազեցնելով պետական բաժնեմասը: Նշված գործընթացների արդյունքում ՀՀ խոշոր և միջին ձեռնարկություններում ձևավորվեցին 320 հազար բաժնետերեր, իսկ պետական ձեռնարկությունները վերակազմավորվեցին բաժնետիրական ընկերությունների:

1993թ. հունվարի 16-ին ընդունվեց նաև «Պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարական օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման 1993-1994թթ.» առաջին ծրագիրը, որն ամուր օրենսդրական հիմքերի վրա դրեց պետականից  մասնավոր սեփականության անցման ողջ գործընթացը (ներկայումս ընթացքի մեջ է «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման)» 5-րդ ծրագիրը:

Եթե մինչև 1998թ. հունվարի 1-ը ՀՀ-ում մասնավորեցման գործընթացը ընթանում էր դրամով և սեփականաշնորհման սերտիֆիկատներով (հավաստագրերով կամ վաուչերներով), ապա նշված ժամանակահատվածից հետո՝ միայն դրամով:

Անցած տարիներին ՀՀ-ում մասնավորեցվել է շուրջ 10 հազար «փոքր» օբյեկտ, 2 հազար  միջին և խոշոր ձեռնարկություն և 100-ից ավելի անավարտ շինարարության օբյեկտ: Այս և հանրապետությունում իրականացված մյուս բարեփոխումների արդյունքում ներկայումս ՀՀ ՀՆԱ ավելի քան 80%-ն արտադրվում է մասնավոր և խառը (պետական և մասնավոր) ընկերությունների կողմից:

 

     ՀՀ ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեի իրավահաջորդությունը

 

31.01.1991-

26.01.1992թթ.

ՀՀ նախարարների խորհրդին առընթեր պետական ունեցվածքի տնօրինման և ապապետականացման կոմիտե (ՀՀ նախարարների խորհրդի 31.01.1991թ. թիվ 60 որոշում)

26.01.1992-

04.08.1995թթ.

ՀՀ կառավարությանն առընթեր պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչություն (ՀՀ կառավարության 26.01.1992թ. թիվ 54 որոշում)

08.11.1996-

06.02.1998 թթ.

ՀՀ սեփականաշնորհման և օտարերկրյա ներդրումների   նախարարություն (ՀՀ Նախագահի 08.11.1996թ. հրամանագիր, ՀՀ վարչապետի 19.12.1996թ. թիվ 657 որոշում)

06.02.1998-

28.02.2000թթ.

ՀՀ սեփականաշնորհման նախարարություն (ՀՀ վարչապետի 06.02.1998թ. թիվ 81 որոշում)

28.02.2000-

15.04.2003թթ.

ՀՀ պետական գույքի կառավարման նախարարություն (ՀՀ Նախագահի 28.02.2000թ. թիվ ՆՀ-490 հրամանագիր)

15.04.2003-

11.06.2018թթ.

ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչություն (ՀՀ Նախագահի 28.02.2000թ. թիվ ՆՀ-490 հրամանագիր)

11.06.2018-

26.07.2019թթ.

ՀՀ ՏԶՆՆ պետական գույքի կառավարման կոմիտե (ՀՀ կառավարության 22.05.2018թ. թիվ 580-Ա որոշում)

26.07.2019թ.

ՀՀ ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտե (ՀՀ կառավարության 20.06.2019թ. թիվ 923-Ա որոշում)

                         

                      Պետական գույքի կառավարման ոլորտի ղեկավարները

Առնակ Ավետիսյան /05.01.2022թ.- առ այսօր/

ՀՀ ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ

Գարիկ Սարգսյան /01.02.2021թ.-05.01.2022թ./

ՀՀ ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ

Բաբայան Նարեկ /11.06.2018թ – 01.02.2021թ./

ՀՀ ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ

Սահակյան Արման /22.06.2011թ.- 12.05.2018թ./ 

ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման  վարչության պետ

Կիրակոսյան Կարինե /25.03.2004 - 27. 05.2011թթ./

ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման  վարչության պետ

Վարդանյան Դավիթ  /28.02.2000 - 15.04.2003թթ./

/16.04.2003 – 25.03.2004թթ./

ՀՀ պետական գույքի կառավարման նախարար

ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչություն պետ

Խաչատրյան Նորայր /19.12.1996 - 10.1997թթ./

ՀՀ սեփականաշնորհման և օտարերկրյա ներդրումների նախարար

Ղալթախչյան Պավել /01.1991 - 05.1993թթ./

 

 /05.1993 - 11.1996թթ./     

 /10.1997 - 02.2000թթ./

ՀՀ նախարարների խորհրդին առընթեր  պետական ունեցվածքի տնօրինման և ապապետականացման կոմիտեի նախագահի տեղակալ, նախագահի պաշտոնակատար

ՀՀ պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչության պետ

ՀՀ սեփականաշնորհման նախարար