Տառատեսակի չափը

A
A
A

Տառատեսակի չափը

A
A
A

Նորություններ

Պետական գույքի կառավարման ոլորտային բարեփոխումները ներկայացվել են ԱՄՀ ներկայացուցիչներին

29/03/2018 Նորություններ

Պետական  գույքի կառավարման վարչության  պետ Արման Սահակյանն այսօր աշխատանքային հանդիպում է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչների  հետ:

Կառույցի հարցադրումներին ի պատասխան,  Վարչության ղեկավարը  ներկայացրել է պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների գործունեության վերլուծության հիմնական ուղղություններն ու արդյունքները: Նախկինում դիտարկումներն իրականացվում էին կիսամյակային պարբերականությամբ և հիմնականում տեղեկատվական բնույթ ունեին: Ընդ որում, կազմակերպությունների  գործունեության արդյունավետության գնահատման հիմնական ցուցանիշ էր դիտարկվում շահույթի /վնասի/ մեծությունն՝ անկախ կազմակերպությունների գործունեության ոլորտից և առանձնահատկություններից:

Ելնելով իրականացվող բարեփոխումների տրամաբանությունից,  մշակվել  և 2017թ. ՀՀ կառավարության կողմից ընդունվել է որոշում, որը հնարավորություն կտա առևտրային կազմակերպությունների տնտեսական գործունեության արդյունավետությունը  շարունակաբար բարձրացնել, կիսամյակայինի փոխարեն՝ ցուցանիշների եռամսյակային տվյալներով հստակ  հսկողություն իրականացնել, գործունեության արդյունավետությունը որոշել ըստ առևտրային կազմակերպությունների ոլորտային առանձնահատկությունների:

ՙՙԳործող կարգով ելնում էինք կազմակերպությունների արդյունավետության գնահատման հիմնական ցուցանիշներից՝ շահույթի ծավալ և շահութաբերություն, ինչպես նաև լրացուցիչ ցուցանիշներից՝ իրացումից հասույթ, աշխատանքի արտադրողականություն, ընթացիկ իրացվելիության  և պարտքի գործակիցներ: Այժմ  պետական կառավարման մարմինները, ելնելով իրենց ենթակայության ընկերությունների ոլորտային առանձնահատկություններից, կսահմանեն նաև ոչ ֆինանսական 3 ցուցանիշ. օրինակ, էներգետիկայի ոլորտում՝ էլեկտրաէներգիայի արտադրություն, առաքում, առողջապահական կազմակերպությունների համար՝ հիվանդությունների բուժման ցուցանիշներ, մահճակալների զբաղվածություն, բուժանձնակազմի վերապատրաստում և այլն՚՚. ԱՄՀ ներկայացուցիչներին  պարզաբանել է Արման Սահակյանը,  տեղեկացնելով նաև, որ 2019 թվականից Վարչության կողմից գնահատվելու է նաև խոշոր կազմակերպությունների գործունեությունը:

ՊԳԿ վարչության պետը հյուրերին իրազեկել  է արդիականացման ևս մեկ՝ կարևոր ուղղության մասին: Խոսքը պետական  գույքի կառավարման ոլորտում ներդրվող՝ էլեկտրոնային  աճուրդների և գույքի հաշվառման էլեկտրոնային շտեմարանների ծրագրերի մասին է:

ԱՄՀ ներկայացուցիչները գոհունակություն են հայտնել  իրականացվող բարեփոխումների առթիվ, ցանկություն  հայտնել հետագայում ևս շարունակել գործակցությունը՝  պետական  գույքի  կառավարման ոլորտում: