ՀՀ ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանը Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փետրվարի 3-ի նիստում ներկայացրել է «Պետական գույքի մասնավորեցման ծրագրի կատարման 2020 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» օրենքի նախագիծը։
Հաշվետվությունն ընդգրկում է 2020 թ. օրացուցային տարվա ընթացքում իրականացված մասնավորեցման եւ լուծարման գործարքների, մասնավորեցումից ստացված բյուջետային մուտքերի մասին տեղեկությունները և դրա արդյունքները` ըստ առանձին ընկերություններում կատարված ներդրումների։
Հաշվետու ժամանակաշրջանում ուղղակի վաճառքով մասնավորեցվել են 1 եւ դասական աճուրդով 2 ընկերությունների պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսեր, որից ստացված միջոցները կազմել է 307 մլն 337 հազար դրամ։ Ստացված գումարից ՀՀ պետական բյուջեի սեփականաշնորհման հաշվին մուտքագրվել է 227 մլն 41 հազար դրամ, 80 մլն 296 հազար դրամ փոխանցվել է համայնքների բյուջեներ։
Լուծարման գործընթացի արդյունքում մարվել է 59 մլն 786 հազար դրամ կրեդիտորական պարտք, որից ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է 24 մլն 496 հազար դրամ, համայնքայի բյուջե՝ 5 մլն 825 հազար դրամ, աշխատավարձի գծով՝ 27 մլն 304 հազար դրամ, այլ կրեդիտորական պարտքի գծով՝ 2 մլն 161 հազար դրամ։
Նշված ժամանակահատվածում ծրագրում կատարվել է փոփոխություն. ծրագրի ցանկից հանվել է «Հայավտոկայարան» ՓԲԸ-ն՝ ըստ համապատասխան օրենքի։
Լուսանկարները՝ ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի եւ հաղորդակցության վարչության