ՀՀ ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանն աշխատանքային այցով եղել է «Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ-ում։ Կոմիտեի նախագահը ՓԲԸ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Կարապետ Ավագյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել տարածքում, եղել գիտահետազոտական ինստիտուտի տարբեր բաժանմունքներում՝ տեղում ծանոթանալով շենքային պայմաններին, առկա խնդիրներին և հնարավորություններին։
Շրջայցից հետո տեղի է ունեցել ընկերության բաժնետերերի արտահերթ ժողովը, որի ընթացքում ներկայացվել է 2022 թ. տարեկան ծախսերի և եկամուտների նախահաշիվը։
Դեռևս 1999 թվականին ՀՀ կառավարության որոշմամբ «Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ-ի 100 % պետական բաժնեմասի տնօրինման լիազորությունը վերապահվել է ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը։