ՀՀ ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանը Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի հունիսի 10-ի նիստում ներկայացրել է «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի կատարման 2021 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» օրենքի նախագիծը։
Հաշվետվությունն ընդգրկում է 2021 թ. օրացուցային տարվա ընթացքում իրականացրած մասնավորեցման եւ լուծարման գործարքների, մասնավորեցումից ստացված բյուջետային մուտքերի մասին տեղեկությունները և դրա արդյունքները` ըստ առանձին ընկերություններում կատարված ներդրումների։
Հաշվետու ժամանակաշրջանում դասական աճուրդով մասնավորեցվել են 2, ուղղակի վաճառքի ձևով՝ 1 ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսեր։ Մասնավորեցումից ստացված միջոցները կազմել են 407 մլն 547 հազար դրամ, որը ներառում է նաև նախորդ տարիներին մասնավորեցված ընկերությունների տարաժամկետ վճարած մուտքերը։ Դրանից ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է 294 մլն 565 հազար դրամ, համայնքների բյուջեներ՝ 112 մլն 981 հազար դրամ։
Լուծարման գործընթացի և մարված պարտավորությունների արդյունքում մարվել է շուրջ 4 մլն 152 հազար դրամ կրեդիտորական պարտք, որից ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է 1 մլն 11 հազար դրամ, համայնքային բյուջե՝ 60 հազար դրամ, աշխատավարձի գծով՝ 2 մլն 586 հազար դրամ, այլ կրեդիտորական պարտքի գծով՝ 495 հազար դրամ։
Նշված ժամանակահատվածում ծրագրում կատարվել է լրացում. մասնավորեցման ծրագրի ցանկում ընդգրկվել է «Հատուկ լեռնափրկարար ծառայություն» ՓԲԸ-ն՝ ըստ համապատասխան օրենքի։