Օգոստոսի 1-ին ՀՀ ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեում Առնակ Ավետիսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն։
Նախքան օրակարգային հարցերին անդրադառնալը Առնակ Ավետիսյանը կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել «Գույքի գնահատման և աճուրդի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի նոր ժամանակավոր պաշտոնակատար Արա Խլոյանին։
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են օրակարգային մի շարք հարցեր, որոնք վերաբերել են պետական մարմինների կողմից վարձակալած տարածքների խնդրին, կոմիտեի նախաձեռնած օրենսդրական փոփոխություններին, պետական կառույցներին պետական սեփականություն հանդիսացող տարածքներով ապահովելուն և այլն։
Այնուհետև ստորաբաժանումների ղեկավարները ներկայացրել են մեկշաբաթյա գործունեության հաշվետվություն-զեկույցները։
Ի թիվս այլ հանձնարարականների՝ Առնակ Ավետիսյանն ընդգծել է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի դիմացի տարածքում մեքենաների կայանման բացառման հարցը՝ շեշտադրելով, որ պետք է հնարավորինս սեղմ ժամկետում սկսել քննարկումներ և գտնել լուծումներ։