Նոյեմբերի 10-ին ՀՀ ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեում Առնակ Ավետիսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել գործակարգավարական նիստ, որին մասնակցել են կոմիտեի ստորաբաժանումների ղեկավարները, «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՊՈԱԿ-ի տնօրենը և «Գույքի գնահատման և աճուրդի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի նորանշանակ տեղակալը։
Նախքան օրակարգային հարցերին անդրադառնալը՝ Ա. Ավետիսյանը շնորհավորել է Ա. Առաքելյանին «Գույքի գնահատման և աճուրդի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ նշանակվելու կապակցությամբ։
Նիստի ընթացքում ամփոփվել են տրված հանձնարարականների կատարման արդյունքները, քննարկվել են օրակարգային մի շարք հարցեր։ Մասնավորապես, ներկայացվել է շաբաթվա ընթացքում կոմիտեի հաշվեկշիռ ընդունված գույքերի վերաբերյալ տեղեկատվություն, քննարկվել են դրանց հետագա տնօրինմանն առնչվող հարցեր։ Ամփոփվել են նաև նախորդող օրերին քաղաքացիներից ստացված դիմումները, ներկայացվել է տեղեկատվություն նախկին դիմումների ընթացքի մասին։
Անդրադարձ է կատարվել կոմիտեի նախաձեռնած օրենսդրական փոփոխություններին և որոշման նախագծերին։ Այդ համատեքստում խոսվել է պետական մի քանի հաստատությունների վարձակալած տարածքները պետական սեփականություն հանդիսացող տարածքներով փոխարինելուն վերաբերող որոշման նախագծերի ու դրանց ընթացքի մասին։
«Գույքի գնահատման և աճուրդի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալը ներկայացրել է տվյալներ պահառության վայրում գտնվող մեքենաների գնահատման վերաբերյալ։ Նշվել է, որ կոմիտեի հաշվեկշռում գտնվող ևս հինգ տասնյակ մեքենաների գնահատման հաշվետվությունները պատրաստ կլինեն առաջիկա օրերին։ Ա. Ավետիսյանը հանձնարարել է հնարավորինս սեղմ ժամկետում կազմակերպել դրանց` աճուրդային եղանակով օտարման հայտարարությունները։
«Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՊՈԱԿ-ի տնօրեն Կ. Ղազարյանը ներկայացրել է մանրամասներ նախորդիվ տրված հանձնարարականների կատարման ընթացքի մասին։ Դրանք վերաբերել են համալիրի արտաքին լուսավորության համակարգին, ինչպես նաև ՄՀՀ-ի աստիճաններին հարող տարածքում արգելափակոց տեղադրելուն։ Ա. Ավետիսյանը կարևորել է այդ ուղղությամբ կատարվող աշխատանքները՝ նշելով, որ համալիրի աստիճանամերձ հատվածները պետք է վերջնականապես ազատվեն իբրև ավտոկայանատեղի ծառայելուց։
Խորհրդակցության ավարտին տրվել են նոր հանձնարարականներ և սահմանվել դրանց կատարման վերջնաժամկետները։