Տառատեսակի չափը

A
A
A

Տառատեսակի չափը

A
A
A

Նորություններ

Պետական գույքը մասնավոր կապիտալի և ներդրումային ծրագրերի շրջանակներում ավելի մեծ տնտեսական արդյունավետություն է ապահովում, քան լինելով պետական հաշվեկշռում և չօգտագործվելով. Առնակ Ավետիսյան

17/11/2022 Նորություններ

Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանի հարցազրույցը «Sputnik Արմենիա» լրատվականին

-Այս պահին քանի՞ անշարժ գույք է գրանցված կոմիտեում, որոնք մասնավորեցման ենթակա են։

- Պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքերի թիվը բավականին մեծ է։ Տասնյակ հազարավոր միավոր անշարժ գույքերի մասին է խոսքը։ Շուտով պատրաստ կլինի մեր մոնիտորինգի արդյունքում ձևավորված օտարման ենթակա գույքերի ցանկը։ Օտարման ենթակա են այն բոլոր գույքերը, որոնք բավարար չափով չեն օգտագործվում, արդյունավետ չեն կառավարվում կամ մենք նպատակահարմար ենք գտնում դրանք փոխանցել մասնավոր հատվածին առավել արդյունավետ կառավարում իրականացնելու և հավելյալ տնտեսական արդյունք ստանալու համար։ Այդ թվերն իրականում անընդհատ փոփոխվող են։ Պետական գույքի տնօրինման մեր նախընտրելի սցենարը մասնավորեցումն է, քանի որ պետգույքը մասնավոր կապիտալի և մասնավոր ներդրումային ծրագրերի շրջանակներում շատ ավելի մեծ տնտեսական արդյունավետություն է ապահովում, քան լինելով պետական հաշվեկշռում և չօգտագործվելով։

-Որքանո՞վ է արդյունավետ կառավարվում պետական գույքը

- Պետական գույքի կառավարման արդյունավետությունը գնահատելու տեսանկյունից կարծում եմ, որ մենք չունենք այն պատկերը, որ պատկերացնում ենք և որը կցանկանայինք ունենալ։ Բայց այդ ուղղությամբ աշխատանքները շարունակական են, իսկ արդյունքները՝ արդեն իսկ տպավորիչ։ Ապագայում, կարծում եմ, կկարողանանք հասնել մեր նպատակին` ստանալ մաքսիմալ տնտեսական օգուտ պետական գույքի կառավարումից, ինչպես նաև ապահովել պետական համակարգի անխափան աշխատանքը։

- Պաշտպանության նախարարության վարչական համալիրի նախկին շենքը և այլ շինություններ` 71 անշարժ գույքից 34-ը հանձնվել է Պետգույքի կառավարման կոմիտեին։ Ի՞նչ նպատակի են ծառայելու այդ շենքերը։

- Դրանք փոխանցվել են Կոմիտեին օտարման նպատակով, անհրաժեշտությունից ելնելով դրանք կծառայեն նաև պետական համակարգի այլ կարիքների համար։ Մենք դիտարկում ենք դրանք որպես մասնավորեցման ենթակա գույքեր։ Նախնական գնահատականով և հաշվի առնելով անշարժ գույքի շուկայում բավական մեծ ակտիվությունը՝ խոսքը մեծ գումարների մասին կարող է լինել և գերազանցել հարյուրավոր միլիոն դոլարները, քանի որ գործ ունենք թանկարժեք տեղակայում ունեցող, մեծ տարածք զբաղեցնող և մեծաքանակ գույքերի հետ։

- Պաշտպանության նախարարության վարչական համալիրի նախկին շենքը հանձնվելու է Պետական եկամուտների կոմիտեին, այսինքն՝ այնտեղ է տեղափոխվելու ամբողջ կառո՞ւյցը, թե՞ ինչ-որ ստորաբաժանում։

- ՊՆ նախկին շենքը ՊԵԿ–ին հանձնելու որոշման արդյունքում մենք հնարավորություն կունենանք ազատել ինչպես այժմ զբաղեցվող տարածքները քաղաքի կենտրոնում, այնպես էլ Երևան քաղաքի այլ ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Իսակովի պողոտայի վրա գտնվող հատվածը, որը ՊԵԿ–ը վարձակալում է՝ պետբյուջեից վճարելով շուրջ 125 միլիոն դրամ։ ՊԵԿ–ի կողմից ներկայացված տեղեկատվությամբ, նրանք նախատեսում են այնտեղ արտաքին տնտեսական գործունեության ու վարչական նոր համալիր կառուցել, ինչպես նաև ՊԵԿ համալիր, որի արդյունքում մենք կլուծենք մի քանի խնդիրներ նաև պետական գույքի արդյունավետ կառավարման տեսանկյունից։ Իմ տեղեկություններով` ՊԵԿ–ն արդեն իրականացնում է նախագծման աշխատանքներ շենք- շինություններ կառուցելու նպատակով։ Մենք կառավարության որոշմամբ, համատեղ քննարկումների արդյունքում, սահմանել ենք առավելագույնը հինգ տարի ժամկետ` շինարարությունները ավարտին հասցնելու համար։

-Տարեկան որքա՞ն գումար է հատկացվում պետական հիմնարկների շենքերի վարձակալության համար։

- 2022 թվականի բյուջեով նախատեսված է եղել շուրջ 468 մլն դրամ պետական մարմինների կարիքների համար` տարածքներ վարձակալելու ուղղությամբ, սակայն այս տարի կայացված որոշումների արդյունքում առաջիկա տարիներին հնարավորություն կունենանք այդ գումարը կրճատելու ավելի քան 60 տոկոսով։

-Տարբեր քրեական գործեր կան այս կամ այն պետական գույքի մասնավորեցման և այն պետությանը վարձով տալու հետ կապված, մասնավորապես, նախկին նախարարների անուններ են հնչում։ Ի՞նչ ճակատագիր ունեցանք դրանք։

- Այո՛, կան բազմաթիվ քրգործեր պետական գույքի մասնավորեցման և ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասով։ Բազմաթիվ օրինակներ կան, որ պետությունը գույքը մասնավորեցրել է և հանձնել է պետությանը վարձակալության։ Քանի որ գործերը իրավական դաշտում են, անուններ չտանք։ Ես գիտեմ դեպք` պետությունն այս պահին վարձակալում է տարածք, որն անցնում է ապօրինի գույքի բռնագանձման գործով։ Խոսքը Տիգրան Մեծ 4 հասցեում գտնվող շենքի մասին է։ Կան բազմաթիվ այդպիսի շենքեր, որոնց վերաբերյալ գործերը նախաքննության կամ դատաքննության փուլում են։

-Վերջին շրջանում շատ է խոսվում բուհերի շենքերի մասնավորեցման մասին։ Ի՞նչ որոշում կա համալսարանների շենքերի օտարման վերաբերյալ

- Մենք պարբերաբար իրականացնում ենք պետական գույքի մոնիտորինգ, այդ թվում՝ բուհերի ու գիտական հաստատությունների շինությունների, և դրա արդյունքում բացահայտում ենք գույքեր, որոնք, մեր կարծիքով բավարար չափով արդյունավետ չեն տնօրինվում տվյալ կազմակերպությունների կողմից։ Այդ մասով առաջարկություններն ենք ներկայացնում կառավարությանը։ Կոնկրետ բուհերի շենքերի վերաբերյալ այս պահին որևէ որոշում չկա։ Քննարկում չի եղել այդ մասով, քննարկվել է ակադեմիական քաղաք հիմնելու հարցը։ Թե դրա արդյունքում գույքային ինչ պատկեր կունենանք մայրաքաղաքում տվյալ բուհերի զբաղեցրած շենքերի մասով՝ հետագայի հարց է։ Ակադեմիական քաղաքի ծրագրի ավարտից հետո միայն մենք կկարողանանք անցնել տվյալ գույքերի հետագա տնօրինման և հետագա ճակատագրի որոշման հարցին։ Կան շահարկումներ, որ ակադեմիական քաղաքի նպատակը շենքերի շահագործումը կամ օտարումն է, դա շատ թույլ պնդումներ են, քանի որ գույքային հարցերն այստեղ երկրորդական կամ երրորդական հարցեր են։

-Կա՞ հաշվարկ, թե քանի անուն գույք կամ հողատարածք է Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիայի հետևանքով հայտնվել նրա վերահսկողության տակ

- Օկուպացիայի արդյունքում որևէ պետական գույք չի հայտնվել Ադրբեջանի վերահսկողության տակ։ Մենք նման տեղեկատվություն կամ փաստեր չունենք։

Հարցազրույց ամբողջությամբ՝ https://bit.ly/3gg4Daw