Տառատեսակի չափը

A
A
A

Տառատեսակի չափը

A
A
A

Նորություններ

Պետական գույքի կառավարման կոմիտեի ներկայացրած օրենսդրական նախաձեռնությունը երկրորդ ընթերցմամբ քննարկվել է Ազգային ժողովի հանձնաժողովի նիստում

30/11/2022 Նորություններ

Նոյեմբերի 30-ին ՀՀ Ազգային ժողովի Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել է «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին», ««Պետական գույքի կառավարման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», ««Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությունը: Հարցը զեկուցել է Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանը։

Ա. Ավետիսյանը նշել է, որ անհրաժեշտ է պետական սեփականություն համարվող հողամասերի մասնավորեցման և օտարման բնագավառում լիազորված մարմնի գործառույթների հստակեցում։ Ըստ Ա. Ավետիսյանի՝ առաջարկվող փոփոխությունները պայմանավորված են գործընթացի իրականացման ու վերահսկման միասնական և արդյունավետ համակարգի ներդրման անհրաժեշտությամբ, քանի որ ներկայիս կարգավորումներով հողերի օտարման գործընթացը իրականացվում է տարբեր մարմինների կողմից։ Ուստի, նախագծով առաջարկվում է վերոնշյալ գործընթացների իրականացումը վերապահել Պետական գույքի կառավարման կոմիտեին: Արձանագրվել է, որ նախագծի ընդունմամբ կկանոնակարգվեն տվյալ բնագավառի իրավահարաբերությունները։

Պատգամավոր Ս. Բագրատյանի հարցին ի պատասխան, թե ինչ ընթացակարգերի մասին է խոսքը և որքանով արդյունավետ կկառավարվի այդ գույքը, եթե համայնքներից անցնի պետությանը՝ Ա. Ավետիսյանը նշել է, որ պետական սեփականություն հանդիսացող բազմաթիվ հողամասեր գտնվում են կոմիտեի հաշվեկշռում, սակայն դրանց օտարման վերաբերյալ Կառավարությունը լիազորություն չունի, իսկ հարցի կարգավորման դեպքում կստեղծվի նաև բարենպաստ ներդրումային միջավայր։ Հանձնաժողովի նախագահ Վ. Ղալումյանը եզրափակիչ խոսքում նշել է, որ համայնքները այդ գույքը մրցույթով օտարելու հնարավորություն չունեն՝ ի տարբերություն Պետական գույքի կառավարման կոմիտեի, որը վերջին շրջանի մրցութային օտարումներով ներդրումների մրցակցային միջավայր է ապահովել։

Հարցը ստացել է դրական եզրակացություն։

Լուսանկարները՝ ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի եւ հաղորդակցության վարչության