Տառատեսակի չափը

A
A
A

Տառատեսակի չափը

A
A
A

Նորություններ

Պետական գույքի կառավարման կոմիտեում ամփոփվել է Մարզահամերգային համալիրի 2022 թ. գործունեությունը

18/01/2023 Նորություններ

Հունվարի 18-ին ՀՀ ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեում ամփոփվել է  «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՊՈԱԿ-ի 2022 թ. գործունեությունը։ Հաշվետվությունը ներկայացրել է Մարզահամերգային համալիրի տնօրեն Կարեն Ղազարյանը։

Նախ հանգամանալից ներկայացվել են 2022 թվականին Մարզահամերգային համալիրի կատարած միջոցառումները՝ ըստ ժամանակացույցի, կատարած ծախսերի և եկամուտների։ Նշվել է, որ Մարզահամերգային համալիրն ունեցել է բավականին հագեցած աշխատանքային տարի՝ ընդունելով այնպիսի խոշոր միջոցառումներ, ինչպիսիք են «Մանկական Եվրատեսիլ-2022»-ը, Բռնցքամարտի Եվրոպայի և Սամբոյի դեռահասների, պատանիների և երիտասարդների առաջնությունները։

Միջազգային խոշոր միջոցառումներին ընդառաջ՝ ՀՀ կառավարության աջակցությամբ Մարզահամերգային համալիրում իրականացվել են շուրջ 30.000 քմ շինարարական աշխատանքներ՝ ընդհանուր շուրջ 760 մլն դրամի։

Կ. Ղազարյանը նշել է, որ ի կատարումն կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանի հանձնարարականի՝ համալիրի աստիճաններին հարող տարածքում տեղադրվել է ուղեփակոց, և համալիրի աստիճանամերձ հատվածները վերջնականապես ազատվել են իբրև ավտոկայանատեղի ծառայելուց։ Կատարվել են նաև ընթացիկ այլ աշխատանքներ՝ հակահրդեհային համակարգի թարմացում, հանդերձարանների վերանորոգում, վերելակների փոխարինում։

Անդրադառնալով 2022 թ. հաշվետվությանը՝ Ա. Ավետիսյանը կարևորել է կատարված աշխատանքների շարունակականության ապահովումը՝ նշելով, որ Մարզահամերգային համալիրը պետք է նույնքան պատասխանատվությամբ մոտենա 2023 թ. սպասվող միջազգային և այլ մրցաշարերին ու միջոցառումներին, որոնցից են Ծանրամարտի Եվրոպայի և Սամբոյի աշխարհի առաջնությունները։ Նշվել է, որ 2023 թ. նախատեսվում է իրականացնել ձայնային սարքավորումների վերազինման և տանիքի վերանորոգման աշխատանքներ։ Ա. Ավետիսյանը հանձնարարել է հնարավորինս սեղմ ժամկետում իրականացնել նաև համալիրի արտաքին լուսավորության համակարգի նախագծման աշխատանքները՝ կարևորելով շենքի պատմամշակութային դերը։  

Անդրադարձ է կատարվել նաև համալիրի՝ իբրև ՓԲԸ-ի վերակազմավորման հարցերին։ Քննարկվել են ընթացիկ մի շարք այլ հարցեր, և տրվել են հանձնարարականներ։