Հունվարի 26-ին ՀՀ ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեում տեղի է ունեցել «Երևանի ոսկերչական գործարան» ԲԲԸ-ի տնօրենների խորհրդի նիստը, որը վարել է խորհրդի նախագահ, կոմիտեի նախագահի տեղակալ Գևորգ Բաբայանը։
Օրակարգում ընդգրկված են եղել ընկերության 2023 թ. հաստիքացուցակի և նախահաշվի հաստատման հարցերը, որոնք ներկայացրել է ընկերության տնօրեն Է. Խաչատրյանը։ Վերջինս նշել է, որ առաջարկվող փոփոխությունները բխում են բյուջեում խնայողություններ անելու անհրաժեշտությունից։ Օրակարգում ընդգրկված հարցերը հաստատվել են։
Նիստի ընթացքում քննարկվել են ընկերության հաշվեկշռում գտնվող գույքերի գնահատմանը և հետագա տնօրինմանը վերաբերող, ինչպես նաև ընթացիկ այլ հարցեր։ Տրվել են հանձնարարականներ և սահմանվել դրանց կատարման համար վերջնաժամկետներ։
«Երևանի ոսկերչական գործարան» ԲԲԸ-ն ընդգրկված է «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» ՀՀ օրենքի ցանկում:
Ընկերության 80% պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի կառավարման լիազորությունները դեռևս 2015 թ. փոխանցվել են ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը: Ընկերության 20 % ոչ պետական բաժնեմասը շուրջ 1450 բաժնետերերի սեփականությունն է: