Մարտի 17-ին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Նարեկ Մանուկյանը և Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանը աշխատանքային այցով եղել են Շիրակի մարզում։
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի, Գյումրի և Արթիկ համայքների ղեկավարների, մարզային և համայնքային իշխանության ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում քննարկվել են տարաբնույթ հարցեր, որոնք վերաբերել են Պետական գույքի կառավարման կոմիտեի հաշվեկշռում գտնվող տարածքներում իրականացվելիք խոշոր ներդրումային ծրագրերի իրագործմանը, բնակչության բնակարանային ապահովմանն ուղղված համատեղ ծրագրերի իրականացմանը և այլն։
Քննարկումից հետո Ն. Մանուկյանը և Ա. Ավետիսյանը շրջայց են կատարել Գյումրի և Արթիկ համայնքներում, եղել Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղում, ծանոթացել իրականացվող աշխատանքներին։ Տեղում քննարկվել են բուհի մասնաճյուղի գործունեության ընդլայնման և նորարարական ծրագրերի իրականացման համար անհրաժեշտ ենթակառուցվածքների տրամադրման հետ կապված հարցեր։