Ապրիլի 6-ին Պետական գույքի կառավարման կոմիտեում տեղի է ունեցել «Երևանի ոսկերչական գործարան» ԲԲԸ-ի տնօրենների խորհրդի նիստը։ Օրակարգում ընդգրկված են եղել մի շարք հարցեր, այդ թվում՝ տնօրենների խորհրդի նախագահի ընտրությունը։ Միաձայն խորհրդի նախագահ է ընտրվել կոմիտեի նախագահի տեղակալ Գեղամ Հովսեփյանը։
Նիստի ընթացքում հանգամանալից քննարկվել են օրակարգում ընդգրկված մյուս հարցերը։ Մասնավորապես քննարկվել է ընկերության գործունեությանը չմասնակցող ոչ պրոֆիլային մի քանի գույքի հետագա օտարման որոշման ընդունման հարցը։ Հնչել են ինչպես դեմ, այնպես էլ կողմ կարծիքներ, որոշումն ընդունվել է։
Քննարկման ընթացքում նշվել է, որ թեև պետք է նախապատրաստվել մասնավորեցման, սակայն մինչ այդ պետք է լուծվեն ընկերության առջև ծառացած մի շարք խնդիրներ, որոնց թվում է գույքի արդյունավետ կառավարումը։
Օրակարգի մյուս հարցերը, որոնք վերաբերել են ինչպես ընկերության հաշվեկշռում գտնվող և մաշված գույքի դուրսգրմանը, այնպես էլ ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքից վարձակալության հանձնմանը, ևս ընդունվել են։ Քննարկվել են ընթացիկ այլ հարցեր ևս։
«Երևանի ոսկերչական գործարան» ԲԲԸ-ն ընդգրկված է «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» ՀՀ օրենքի ցանկում:
Ընկերության 80% պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի կառավարման լիազորությունները դեռևս 2015 թ. փոխանցվել են ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը: Ընկերության 20 % ոչ պետական բաժնեմասը շուրջ 1450 բաժնետերերի սեփականությունն է: