Ապրիլի 28-ին Պետական գույքի կառավարման կոմիտեում տեղի է ունեցել «Արմենիկում» ՓԲԸ-ի բաժնետերերի արտահերթ ժողովը, որը վարել է կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանը։ Ժողովին մասնակցել են կոմիտեի նախագահի՝ ոլորտը համակարգող տեղակալ Գեղամ Հովսեփյանը, ՓԲԸ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արսեն Թառոյանը, կոմիտեի և ընկերության ստորաբաժանումների ղեկավարներ։
Նախքան օրակարգային հարցերին անդրադառնալը՝ ընկերության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Ա. Թառոյանը ներկայացրել է հաշվետվություն-զեկույց՝ ընկերության վերջին եռամսյակի գործունեության վերաբերյալ։ Հաշվետվության մեջ արտացոլված են եղել ինչպես առկա խնդիրները, այնպես էլ պատկերացումները ընկերության հետագա գործունեության վերաբերյալ։ Հարց ու պատասխանի ձևաչափով Ա. Թառոյանը պատասխանել է կոմիտեի նախագահի և ներկաների հարցերին։
Այնուհետև անդրադարձ է կատարվել օրակարգային հարցերին։ Ա. Թառոյանը ներկայացրել է ընկերության 2023 թ. եկամուտների և ծախսերի նախահաշվի, հաստիքացուցակի, վարչակազմակերպական կառուցվածքի հաստատման հարցերը։ Օրակարգային հարցերը ընդունվել են միաձայն։
Կոմիտեի նախագահ Ա. Ավետիսյանի առաջարկությամբ պայմանավորվածություն է ձեռք բերվել կիսամյակի վերջում ունենալ ևս մեկ ժողով՝ ընկերության կիսամյակային գործունեությունն ամփոփելու նպատակով։ Ժողովի ընթացքում անդրադարձ է կատարվել օրակարգային այլ հարցերի ևս։ Մասնավորապես, քննարկվել են ընկերության ապագային վերաբերող հարցեր, կարծիքներ են հնչել վերջինիս հաշվեկշռում եղած գույքի կառավարման արդյունավետության բարձրացման վերաբերյալ։ Ա. Ավետիսյանը հանձնարարել է հնարավորինս սեղմ ժամկետում ավարտել ընկերության մասնավորեցման նախապատրաստական աշխատանքները։
«Արմենիկում» ՓԲԸ-ի 100 % պետական բաժնետոմսերը Պետական գույքի կառավարման կոմիտեին անցել են 2022 թ. օգոստոսին։ Ընկերությունն ընդգրկված է «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» ՀՀ օրենքի ցանկում 2022 թ. հուլիսից: