Սեպտեմբերի 5-ին ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել է «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի կատարման 2022 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» օրենքի նախագիծը: Հարցը զեկուցել է Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանը:
Հաշվետվությունն ընդգրկել է 2022 թ. օրացուցային տարվա ընթացքում իրականացված մասնավորեցման և լուծարման գործարքների, մասնավորեցումից ստացված բյուջետային մուտքերի մասին տեղեկությունները:
Առնակ Ավետիսյանի խոսքով՝ հաշվետու ժամանակահատվածում աճուրդով մասնավորեցվել են ծրագրում ընդգրկված 1 ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսեր, կոմիտեին հանձնված մասնավորեցման ենթակա գույք, ուղղակի վաճառքի ձևով՝ ծրագրում ընդգրկված 1 ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսեր։
Հաշվետու ժամանակահատվածում մասնավորեցումից և մասնավորեցման տարաժամկետ վճարումներից ստացված միջոցները կազմել են 845 մլն 281 հազ. դրամ:
Առնակ Ավետիսյանը նշել է, որ հաշվետու ժամանակաշրջանում ծրագրում կատարվել են լրացումներ. ՀՀ համապատասխան օրենքով մասնավորեցման ծրագրի ցանկում ընդգրկվել են ««Հեր-Հեր» հիդրոէլեկտրակայան» և «Արմենիկում» փակ բաժնետիրական ընկերությունները:
Հարցը ստացել է դրական եզրակացություն:
Լուսանկարները՝ ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի եւ հաղորդակցության վարչության