Տառատեսակի չափը

A
A
A

Տառատեսակի չափը

A
A
A

Նորություններ

Պետական գույքի կառավարման կոմիտեի ներկայացրած օրենքի նախագծերը քննարկվել են Ազգային ժողովի լիագումար նիստում

12/09/2023 Նորություններ

Սեպտեմբերի 11-ին ՀՀ Ազգային ժողովի նիստում քննարկվել է ««Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը: Հիմնական զեկույցով հանդես է եկել Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանը:

Ըստ Ա. Ավետիսյանի՝ օրենքում առաջարկվող լրացումը բխում է համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին անհատույց օգտագործման իրավունքով պետական գույքի տրամադրման գործընթացի կանոնակարգման անհրաժեշտությունից։

Ա. Ավետիսյանը նշել է՝ հաշվի առնելով, որ օրենքով չի կանոնակարգվում համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին գույքն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրման գործընթացը՝ առաջարկվում է օրենքը լրացնել ևս մեկ հոդվածով, համաձայն որի՝ Կառավարության որոշմամբ hամայնքային ոչ առևտրային կազմակերպություններին անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով կարող է ամրացվել ցանկացած գույք։

Հարակից զեկուցմամբ հանդես է եկել ԱԺ պատգամավոր Արեն Մկրտչյանը, որը ներկայացրել է հանձնաժողովի դրական եզրակացությունը։

Նույն օրը Ազգային ժողովի նիստում քննարկվել է նաև «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի կատարման 2022 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու հարցը, որը զեկուցել է Ա. Ավետիսյանը:

Հաշվետվությունն ընդգրկել է 2022 թ. օրացուցային տարվա ընթացքում իրականացված մասնավորեցման և լուծարման գործարքների, մասնավորեցումից ստացված բյուջետային մուտքերի մասին տեղեկությունները:

Ա. Ավետիսյանը նշել է, որ հաշվետու ժամանակահատվածում մասնավորեցվել են երեք կազմակերպությունների պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսեր, որից երկուսը մրցութային եղանակով, մեկը՝ ուղիղ վաճառքի։ Մասնավորեցումից բյուջետային մուտքերը կազմել են 826 մլն դրամ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է շուրջ 209 %-ով։

Առնակ Ավետիսյանը նշել է, որ հաշվետու ժամանակաշրջանում ծրագրում կատարվել են լրացումներ. ՀՀ համապատասխան օրենքով մասնավորեցման ծրագրի ցանկում ընդգրկվել են ««Հեր-Հեր» հիդրոէլեկտրակայան» և «Արմենիկում» փակ բաժնետիրական ընկերությունները:

Հարակից զեկուցմամբ հանդես է եկել և ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի անդամ Նարեկ Ղահրամանյանը։

 Լուսանկարը՝ ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի եւ հաղորդակցության վարչության