Տառատեսակի չափը

A
A
A

Տառատեսակի չափը

A
A
A

Նորություններ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանին ներկայացվել է Պետական գույքի կառավարման կոմիտեի 2023 թ. գործունեության հաշվետվությունը

31/01/2024 Նորություններ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 30-ին այցելել է ՀՀ ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտե՝ քննարկելու կոմիտեի 2023 թ. գործունեության հաշվետվությունը։

Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանը և տեղակալները զեկուցել են հաշվետու ժամանակաշրջանում իրականացված միջոցառումների մասին:

Հանգամանալից զեկուցվել է 2023 թ. կատարված օտարումների և ներդրումային պարտավորությունների մասին։ Նշվել է, որ նախորդ տարում պետական գույքի օտարման և մասնավորեցման դրամական արժեքը կազմել է 34․9 մլրդ դրամ, որը շուրջ 14․2 մլրդ դրամով ավելի է 2022 թ․ ցուցանիշից։

Պետական մարմիններին ամրացված ավտոմեքենաների թվաքանակի կրճատման տեսանկյունից կարևորվել է 2023 թ․ օտարված տրանսպորտային միջոցների թիվը, որը կազմել է 488՝ 386-ով ավելի 2022 թվականից։ Օտարված տրանսպորտային միջոցների ընդհանուր արժեքը կազմել է 340 մլն դրամ, որը նախորդ տարվա ցուցանիշից ավելի է 166%-ով։ Տրանսպորտային միջոցների օպտիմալացման առումով խոսվել է 2024 թ․ նախատեսվող՝ մեքենաների հատկացման նոր չափորոշիչներից և գործընթացի կենտրոնացված կառավարումից։

Վարձակալությունից մուտքերը կազմել են շուրջ 674 մլն դրամ, որը 43․2 %-ով ավելի է 2022 թ․ ստացված մուտքերից։

Հաշվետվության ներկայացման ընթացքում նշվել է, որ 2023 թ․ կատարված գործարքների արդյունքում ներդրողները ստանձնել են ընդհանուր 37 մլրդ դրամի ներդրումային պարտավորություն։

Անդրադառնալով այս գործընթացին՝ վարչապետը նշել է, որ ժամանակին կատարված մասնավորեցումների ընթացքում եղել են այնպիսի դեպքեր, երբ գույքը ժամանակին մասնավորեցվել է, արձանագրվել են որոշակի պարտավորություններ ներդրումներ, սակայն տվյալ շենքը շարունակել է մնալ այն տեսքով, ինչպիսին օտարման ժամանակ։

Զեկուցվել է, որ 2023 թվականին 10 հայցադիմում է ներկայացվել դատարան մասնավորի կողմից ստանձնած պարտավորությունները չկատարելու հիմքով: Դրանք վերաբերում են պարտավորությունները կատարելուն հարկադրելուն:

Ըստ պատասխանատուների՝ հիմնականում Պետական գույքի կառավարման կոմիտեի օգտին վճիռներ են կայացվել: Եթե պարտավորությունները չեն կատարվել, երկրորդ փուլով հայցադիմում է ներկայացվում՝ գույքը պետությանը վերադարձնելու պահանջով:

Ի պատասխան վարչապետի հարցի՝ նշվել է, որ արդեն իսկ պետությանը վերադարձված 4 դեպք կա՝ 3 հողամաս, 1 անշարժ գույք:

Այսպիսով, Պետական գույքի կառավարման կոմիտեի գործունեության արդյունքում 2023 թ․ բյուջետային մուտքերը կազմել են 15․4 մլրդ դրամ՝ 72․2 %-ով ավելի 2022 թվականից։ Այս ցուցանիշն աննախադեպ բարձր է վերջին տարիներին պետական գույքի կառավարման ոլորտում եղած ցուցանիշներից։ Զեկուցվել է, որ մասնավորեցվող պետական գույքից և հողից ստացվող միջոցների 30 տոկոսը հատկացվում է համայնքին: Նշվել է, որ 2023 թվականին պետական գույքի վաճառքից ընդհանուր առմամբ համայնքներին տրամադրվել է 2.3 մլրդ դրամ:

Անդրադարձ է կատարվել նաև «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՓԲԸ-ում իրականացված աշխատանքներին։ Մասնավորապես նշվել է, որ 2023 թ․ Մարզահամերգային համալիրում կայացել է 119 միջոցառում, որից ստացվել է 768 մլն դրամի եկամուտ՝ 18%-ով ավելի 2022 թ․ եկամուտից։ Նշվել է, որ Մարզահամերգային համալիրում լայն թափով ընթացել և ընթանում են շինարարական աշխատանքներ․ կապիտալ նորոգվել է պոմպակայանը, ձեռք են բերվել օդափոխության և հակահրդեհային համակարգերի նախագծանախահաշվային փաստաթղթերը, իրականացվում են տանիքի վերանորոգման նախապատրաստական աշխատանքներ։

Քննարկվել են նաև ոլորտում իրականացված համակարգային բարեփոխումներին և պետական գույքի կառավարման ռազմավարությանը վերաբերող հարցեր։

Վարչապետ Փաշինյանը հետաքրքրվել է, թե քանի պետական առևտրային կազմակերպություն է առկա: Պատասխանատուների խոսքով, դրանց թիվը հասնում է 146-ի:

Վարչապետը կարևորել է վերջիններիս գործունեության վերաբերյալ մոնիթորինգի իրականացումը: «Առնվազն մենք պետք է իմանանք՝ ինչ է կատարվում այնտեղ, եթե աշխատում է, պետք է հասկանալ՝ ինչպես է աշխատում»,- ասել է Նիկոլ Փաշինյանը: Շեշտվել է, որ 2022 թվականից սկսվել է այդ կազմակերպություններում մոնիթորինգի իրականացումը: 

Նշվել է, որ 2023 թ․ գույքի արդյունավետ կառավարման և ֆոնդային բորսայի միջոցով հետագա մասնավորեցման նպատակով հիմնադրվել է «Ռիփաբլիք պլազա» ԲԲԸ-ն, ինչը պետական գույքի կառավարման տեսանկյունից նոր երևույթ է։ Նախորդ տարում Կադաստրի կոմիտեի հետ համագործակցության արդյունքում ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի Ազգային գեոպորտալի քարտեզագրական համակարգում ապահովվել է պետական սեփականություն հանդիսացող գույքի շերտի հասանելիություն։