Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանն ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Ֆինանսների նախարարության և Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչներին։
Հանդիպման ընթացքում կողմերը ներկայացրել են երկու երկրների պետական ընկերությունների կառավարման առանձնահատկությունները՝ անդրադառնալով գործող մոդելներին, կառավարման մոտեցումներին և իրականացվող բարեփոխումների հիմնական ուղղություններին։
Կոմիտեի նախագահը նշել է, որ Հայաստանում ներկայումս վերանայվում են պետական ձեռնարկությունների բաժնեմասերի կառավարման սկզբունքներն ու մեխանիզմները։ Ա․ Ավետիսյանն ընդգծել է, որ այս գործընթացում մեծապես կարևորվում է Գերմանիայի փորձը՝ հաշվի առնելով, որ Հայաստանն այժմ գտնվում է պետական բաժնեմասերի կառավարման նոր քաղաքականության մշակման փուլում։
Գերմանիայի ֆինանսների նախարարության ներկայացուցիչ դոկտոր Անդրեաս Քերստը, իր հերթին, ընդգծել է, որ գերմանական կողմը նպատակադրված է խորացնել Հայաստանի հետ համագործակցությունը պետական մասնակցությամբ ընկերությունների աջակցման և տնտեսության զարգացման ուղղությամբ։
Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվել են առաջիկայում անցկացնել աշխատանքային քննարկումներ՝ ոլորտին առնչվող խնդիրներն ու մարտահրավերները մանրամասն ուսումնասիրելու և համատեղ քայլեր նախանշելու նպատակով։