Տառատեսակի չափը

A
A
A

Տառատեսակի չափը

A
A
A

Նորություններ

Առաջիկայում կքննարկվի «Հայֆիլմի» ապագան

20/07/2018 Նորություններ

2005թ. ՀՀ կառավարության թիվ 727-Ա որոշմամբ Մշակույթի նախարարության ենթակայության «Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիա» ՊՈԱԿ-ին ամրացված գույքը /շենքեր, շինություններ և կինոբեմադրական միջոցներ/ մրցույթով օտարվել է «Արմենիա ստուդիոս» ՓԲԸ-ին՝ 350 մլն. դրամ արժեքով: Հայաստանի Հանրապետության և «Արմենիա ստուդիոս» ՓԲԸ-ի միջև 14.09.2005թ. կնքված թիվ 321-Օ պայմանագրով ընկերությունը պարտավորվել է կատարել 30 մլրդ դրամի ներդրում, որից 10 մլրդ դրամը՝ 10 տարվա ընթացքում: Բաժնետերերը, հետագայում  նպատակահարմար չգտնելով մնացած ներդրումների կատարումը, որոշում են կայացրել ընկերությունը վերակազմակերպել առանձնացման ճանապարհով և կինոստուդիան վերադարձնել Հայաստանի Հանրապետությանը:             

ՀՀ կառավարության 31.08.2015թ. թիվ 1050-Ա որոշմամբ «Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիա» ՓԲԸ-ի 100% պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը,  345 մլն. դրամ  գումարի փոխհատուցման դիմաց, «Արմենիա ստուդիոս» ՓԲԸ կողմից փոխանցվել են Հայաստանի Հանրապետությանը՝ ի դեմս ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության, կնքվել է բաժնետոմսերի փոխանցման համաձայնագիր:                      

Արդյունքում կինոստուդիային է  փոխանցվել հետևյալ գույքը.

- ք. Երևան, Դավթաշեն համայնք, Աշտարակի խճուղի 30 հասցեում գտնվող 22536.6 ք/մ մակերեսով շենք-շինությունները՝ զբաղեցրած հողատարածքը 25.811984 հա,

- Աշտարակի խճուղի 30/1 հասցեում 4.116 հա հողատարածքը,

-28 հատ ավտոմեքենա,

-11 միավոր սարքավորում,

-36 միավոր տնտեսական գույք,

-1053 միավոր բեմիրեր:

Մնացած՝ ք.Երևան  Աշտարակի խճուղի 30/3 հասցեում գտնվող 249 461 000 դրամ արժեքով 5771 քառ. մետր մակերեսով շենք, շինությունները և 225 134 609 դրամ արժեքով 3,842235 հա հողամասը որպես սեփականություն փոխանցվել են առանձնացվող ընկերությանը:

«Համո Բեկնազարյանի անվան Հայֆիլմ» կինոստուդիա» ՓԲԸ ֆինանսական մուտքերն այսօր ապահովվում են անշարժ գույքի մի մասի վարձակալությամբ և հեռուստաընկերություններին՝ ցուցադրման համար ֆիլմերի տրամադրմամբ: Ընկերության պահպանությունը և ընթացիկ պարտավորությունների մարումն իրականացվում են վարձակալություններից ստացվող միջոցներով:

«Հայֆիլմն»  ընդգրկված է «Պետական գույքի մասնավորեցման  մասին 2017-2020թթ. ծրագրի» ցանկերում:

Այսօր ընկերություն է այցելել Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահը՝ տեղում իրավիճակին ծանոթանալու նպատակով: Կառույցի ղեկավարին են ներկայացվել ընթացիկ աշխատանքները, ներդրողներ ներգրավելու,  ինչպես նաև արտաքին կինոաշխարհի հետ գործնական  կապեր հաստատելու փորձերը:  Ցուցադրվել են նաև սիրված հայկական ֆիլմերի «զգեստապահարաններն» ու մնացած գույքը: Շրջելով խորհրդահայ  ֆիլմարտադրության երբեմնի փառքի հետքերը կրող տաղավարներում, Նարեկ Բաբայանն ափսոսանք է հայտնել այսօրվա անմխիթար վիճակի համար և առաջարկել առաջիկայում ընդլայնված հանդիպում ունենալ շահագրգիռ բոլոր կողմերի մասնակցությամբ՝  ներգրավելով նաև Մշակույթի նախարարությանն ու խնդրով հետաքրքրվող հասարակական-մշակութային գործիչներին: Ըստ Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի՝ համակողմանի քննարկումները թույլ կտան իրատեսորեն գնահատել առկա հնարավորոթյուններն ու անելիքները և հստակեցնել «Հայֆիլմի»   ապագային ուղղված  քայլերն ու մոտեցումները: