Կառավարության որոշմամբ Գյումրու Գյուլբենկյանի անվան վիրաբուժական հիվանդանոցի շենքն այսուհետ անհատույց և անժամկետ կտրվի Շիրակի երկրագիտական թանգարանին։
Օգոստոսի 7-ին Գյումրու՝ Գյուլբենկյանի անվան վիրաբուժական հիվանդանոցի նախկին շենքում տեղի ունեցած ասուլիսին այս մասին հայտնել են Մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը, փոխնախարար Տիգրան Գալստյանը, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը և Շիրակի երկրագիտական թանգարանի տնօրեն Արտաշես Բոյաջյանը։
Մշակույթի նախարարը նշել է, որ շատ ուրախ է Շիրակի երկրագիտական թանգարանի շենքային հարցի արագ լուծման համար, քանի որ երկար տարիներ թանգարանը տեղակայված է եղել խոնավ և խարխուլ տներում, իսկ մոտ քսանհինգ հազար ցուցանմուշները ՝ փակի տակ։
Թանգարանի տնօրինությունը շենք չունենալու խնդրով մշտապես դիմել է Մշակույթի բոլոր նախարարներին և կառավարություններին, սակայն ապարդյուն։ Ջիվանու փողոցում գտնվող Գյուլբենկյանի անվան հիվանդանոցի շենքն իր հերթին հաճախ գտնվել է տարբեր պաշտոնյաների ուշադրության կենտրոնում, մամուլում լուրեր էին շրջանառվում, որ հիվանդանոցի նախկին շենքը որոշ նախկին պաշտոնյաներ ցանկանում էին սեփականաշնորհել և հյուրանոց կառուցել։
Հեղափոխությունից հետո, սակայն, գյումրեցիները դիմել են մշակույթի նախարար Լիլիթ Մակունցին, ով իր հերթին դիմել է պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանին, և խնդիրը լուծվել է։
«Շնորհավորում եմ բոլորիս թանգարանի՝ չափերով, դիրքով շատ հարմար շենք ունենալու առթիվ։ Ուրախ եմ, որ պետական գույքը, որն ըստ իր նշանակության չէր օգտագործվում նախկինում, այսուհետ կօգտագործվի շատ արդյունավետ՝ ծառայելով Գյումրիում մշակութային կյանքի աշխուժացմանը։ Մենք բոլորս պետք է ջանք չխնայենք դրա համար»,- նշել է ՊԳԿԿ նախագահ Նարեկ Բաբայանն իր խոսքում։
ՊԳԿԿ նախագահը նաև շեշտել է, որ նախկինում ինչ-ինչ պատճառներով այս շենքը պարապ թողնելը, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի՝ թանգարանին հատկացնելուն դեմ լինելը խոսում են նախկին իշխանությունների ՝ անձնական շահերով ու պլաններով առաջնորդվելու մասին, սակայն երկրում ոչ միայն իրավիճակ է փոխվել, այլև մտածողություն, և այսուհետ պետական գույքը պետք է տնօրինվի ի շահ ժողովրդի և համայնքի։
Ասուլիսի ընթացքում պաշտոնյաները տեղեկացրել են շենքի՝ վերանորոգման առաջին փուլի մեկնարկի մասին։ Առաջին փուլի համար անհրաժեշտ է մոտ 50 միլիոն դրամ, որը հանգանակելու համար դիմելու են աշխարհի տարբեր երկրներում գտնվող մեր հայրենակիցներին։