Մաշկաբանության և սեռավարակաբանության բժշկագիտական կենտրոն ՓԲԸ-ն, 12 այլ բժշկական հաստատությունների հետ, ընդգրկված է 2017-2020թթ. Մասնավորեցման ծրագրի ցանկերում, իսկ շուրջ մեկ տարի առաջ ընկերության բաժնետոմսերի կառավարումը հանձնվել է Պետական գույքի կառավարման կոմիտեին /վարչությանը/: Մասնավորեցումը նախապատրաստելու համար կոմիտեում կատարվում են գնահատման աշխատանքներ, քննարկվում են բուժհաստատության մասնավորեցման հնարավոր տարբերակները:
Միաժամանակ ընկերությունը շարունակում է բնականոն գործունեությունը: Մասնավորապես, հոկտեմբերի 22-ին ՀՀ ԱՆ Մաշկաբանության և ՍՎ ԲԳԿ-ն և Մաշկավեներաբանների հայկական ասոցիացիան միջազգային երկրորդ գիտաժողովն են հրավիրել, որին առաջատար մասնագետներ են մասնակցել նաև Վրաստանից, Ռուսաստանի Դաշնությունից, Ուկրաինայից և Էստոնիայից: Քննարկվել են ճյուղի զարգացման խնդիրներն ու նորամուծությունները, ներկայացվել են մաշկաբանության, սեռավարակաբանության, ալերգոլոգիայի վերաբերյալ բժշկագիտության նորությունները, նոր մոտեցումները՝ մի շարք հիվանդությունների բուժման գործընթացում: Երկօրյա գիտաժողովի ընթացքում անդրադարձ է եղել նաև մաշկի նորագոյացությունների դերմատոսկոպիկ ախտորոշման հիմունքներին, մասնակիցներին փորձի փոխանակման գործնական հնարավորություն է տրվել: