Տառատեսակի չափը

A
A
A

Տառատեսակի չափը

A
A
A

Նորություններ

Պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների կառավարումը

01/11/2018 Նորություններ

Պետական գույքի կառավարման  կոմիտեի՝ պետբաժնեմասի կառավարման վարչությունը հաշվետու ժամանակահատվածում՝ 2018 թվականի մայիսի երկրորդ կեսից մինչև նոյեմբերի սկիզբը, շարունակել է իրականացնել  աշխատանքային ծրագրերը: Մասնավորապես,  2017 թվականի տարեկան և 2018թ. 1-ին կիսամյակի արդյունքներով իրականացվել է պետական կառավարման մարմինների ենթակայության 142 կազմակերպության և 146 առևտրային կազմակերպությունների գործունեության  ֆինանսատնտեսական վերլուծություն, կազմված ամփոփ տեղեկանքները սահմանված կարգով ներկայացվել են ՀՀ վարչապետին և ՀՀ ֆինանսների նախարարություն:

Մոնիտորինգի արդյունքներով ֆինանսատնտեսական վիճակի վատթարացում արձանագրած կազմակերպությունների կառավարման մարմինների ղեկավարների կողմից պարզաբանումների և ֆինանսական գործունեության բարելավմանն ուղված առաջարկներն ամփոփվել և սահմանված կարգով ներկայացվել են ՀՀ կառավարություն:

ՊԳԿԿ պետբաժնեմասի կառավարման վարչությունում մշակվել և պետական կառավարման մարմիններին է տրամադրվել առևտրային կազմակերպությունների կողմից մոնիտորինգի ցուցանիշների ներկայացման էլեկտրոնային տարբերակը, որը կիրառվել է 2018թ. 1-ին կիսամյակի վերլուծության ժամանակ:

Ընկերությունների կառավարման մասով հրավիրվել են տնօրենների խորհրդի 3 նիստ, 10 արտահերթ և 19 տարեկան ժողովներ:

ՀՀ ֆինանսների նախարարություն են ներկայացվել Կոմիտեի ենթակայության 50 և ավելի տոկոս պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների՝ պետական բյուջե տարեկան շահաբաժին վճարելու առաջարկությունները և պահանջվող փաստաթղթերի փաթեթները, որոնք հետագայում քննարկվել են ընկերությունների տարեկան ժողովներում:

 ՀՀ փոխվարչապետ Տ.Ավինյանի գրասենյակում համակողմանի քննարկվել են «Միջուկային և ռադիացիոն անվտանգության գիտատեխնիկական կենտրոն» ՓԲԸ-ի բաժնետոմսերի մասնավորեցման հարցեր։

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի մասնակցությամբ  քննարկվել են «Հայավտոկայարան» ՓԲԸ կառավարման բազմաթիվ հարցեր, ինչպես նաև միջգերատեսչական աշխատանքային խմբի խորհրդակցություն է հրավիրվել  «Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» ՓԲԸ մասնավորեցման նախապատրաստական աշխատանքներն արդյունավետ կազմակերպման նպատակով։

ՀՀ առողջապահության նախարարությունում քննարկվել են «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» ՀՀ օրենքի ցանկում ընդգրկված առողջապահական ընկերությունների մասնավորեցման հարցեր։

Հիսուն և ավելի տոկոս պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններում ՀՀ սեփականությունը հանդիսացող բաժնետոմսերով հավաստված իրավունքները հավատարմագրային կառավարման հանձնելու խնդիրները ևս միջգերատեսչական քննարկումների օրակարգում են եղել:

«Վաղարշապատի հիվանդանոց» պետական փակ բաժնետիրական ընկերության 100 տոկոս պետական բաժնեմասով հավաստված իրավունքները հավատարմագրային կառավարման հանձնելու համար միջգերատեսչական մրցութային հանձնաժողովի նիստ  է գումարվել։ Հանձնաժողովի որոշման համաձայն, մշակվել է հավատարմագրային կառավարչի ընտրության մրցույթի հայտարարություն, որը հրապարակվել է համապատասխան կայքերում։

ՀՀ կառավարության քննարկմանն է ներկայացվել «Էջմիածին» բժշկական կենտրոնը» հավատարմագրային կառավարման հանձնելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի լրամշակված տարբերակը։

Ստորաբաժանման աշխատակիցները դիմել են  շահույթ չձևավորած կազմակերպությունների՝ բաժնետոմսերի տնօրինման լիազորմար մարմիններին. ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություններ, ՀՀ Արարատի մարզպետարան, Հայաստանի Հանրապետության հեռուստառադիոընկերության խորհուրդ, դրանց հետագա իրավական կարգավիճակի` մասնավորապես ոչ առևտրային կազմակերպության վերակազմակերպելու վերաբերյալ դիրքորոշում ստանալու նպատակով: Ստացված կարծիքներն ամփոփվել և ներկայացվել են ՀՀ կառավարություն: