Տառատեսակի չափը

A
A
A

Տառատեսակի չափը

A
A
A

Նորություններ

Շիրակի մարզում ներդրումային ծրագիր է մեկնարկել

10/12/2018 Նորություններ

Դեկտեմբերի 7-ին Գյումրիում բացվել է «Սաստեքս» ընկերության արտադրական մասնաշենքերից մեկը՝ 150 աշխատատեղով: Նույն օրը ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ կայացել է նաև ընկերության նոր մասնաշենքի հիմնարկեքի արարողությունը, որին ներկա է եղել նաև Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը: Ձեռնարկատերը խոստացել է, որ մինչև ապրիլ ևս 150 աշխատատեղ կստեղծվի, այդ թիվը, մասնաճյուղերի ավելացմանը զուգահեռ, երկու տարում կհասնի 500-ի, ապա և՝ 1000-ի:

«Սաստեքսի» ներդրումային ծրագիրը մեկնարկել է երեք տարի առաջ. այդ նպատակով ընկերությանն են օտարվել Գյումրիի Ղանդիլյան փողոցի թիվ 51; 51/9; 51/10 և 51/11 հասցեներով տարածքները: Խոսքը նախկին մարզային հիվանդանոցի շենքի մասին է՝ հարակից տարածքներով: ՊԳԿ վարչության և «Սաստեքս» ՍՊԸ միջև 15.03.2016թ. կնքված՝ պետական գույքի օտարման և գրավի՝ թիվ 766-Օ պայմանագրի 5.2.3 կետի համաձայն, գնորդը ստանձնել է 2 293 400 եվրոյի ներդրման պարտավորություն, որը պետք է կատարեր մինչև 15.03.2017թ.: Սակայն ստանձնած ժամկետում աշխատանքներն իրականացնելուն խանգարել է տարածքում առկա տնակների փաստը, որտեղ 16 ընտանիքներ են ապրում: Նախ և առաջ, պետք է լուծվեր այդ մարդկանց բնակարանային խնդիրը, ինչից հետո միայն կարող էին շինաշխատանքներն իրականացվել ամբողջ ծավալով: Ձեռնարկատերն այդ ընտանիքներին ապահովելու համար նաև սոցիալական բնակարաններ է կառուցում:

29.08.2017թ-ին կնքված համաձայնագրով պետական գույքի օտարման պայմանագրում փոփոխություն է կատարվել և պարտավորության ժամկետը երկարաձգվել է մինչև 2018թ սեպտեմբերի 15-ը։

05.10.2018թ. ներդրողը ներկայացրել է պարտավորությունների կատարումը հիմնավորող շուրջ 1,4 միլիոն եվրոյի վերաբերյալ փաստաթղթեր, ինչպես նաև խնդրել է ներդրումների կատարման վերջնաժամկետները երկարաձգել ևս երկու տարով։

Գյումրիում բացված տեքստիլ արտադրությունը միակը չէ, զուգահեռաբար աշխատանքներ են տարվում նաև Արթիկում ու Սպիտակում ձեռնարկություններ հիմնելու ուղղությամբ: Արթիկում տարածքի խնդիրը կարգավորված է, Սպիտակի համար ներդրողը դիմել է կառավարությանը: