Պետական գույքի գույքագրման և գնահատման գործակալություն ՊՈԱԿ-ը հունվարից պաշտոնապես միացել է «Էկո աղբ» ծրագրին: Կազմակերպության գրասենյակում տեղադրվել են հատուկ աղբամաններ՝ թղթի, ապակու և պլաստիկի համար, աշխատակիցները սիրով միացել են նախաձեռնությանը: Գրասենյակային աշխատանքի պայմաններում կարևոր է հատկապես կուտակվող թղթի թափոնի վերամշակումը, այսպիսով՝ խնայողությունը, իսկ պլաստիկի պարագայում շրջակա միջավայրն է պաշտպանվում տասնամյակներով չքայքայվող նյութերից: ՊՈԱԿ-ում տեսակավորված աղբը պարբերաբար ուղարկվում է վերամշակման:
Փոքրիկ քայլերով` մեծ փոփոխության. շուրջ մեկ տարի առաջ հայտարարել էին «Էկո աղբ» նախաձեռնության անդամները և հանրությանը կոչ արել միանալ իրենց՝ աղբի տեսակավորման ու վերամշակման գործում: Անհատներից բացի, նախաձեռնությանը միացել են նաև պետական հաստատություններ ու մասնավոր ընկերություններ: Անցած ամիսներին նախաձեռնությանը հաջողվել է աղբամանից «Թուղթը աղբ չէ» կարգախոսով փրկել մոտավորապես 30 000 կգ թուղթ:
Ի դեպ, փետրվարի 23-ին, ժամը 09:00-ից սկսած, թափոնների տեսակավորման ու հանձման #մեկ_տարեկան ակցիա կիրականացվի: Մեքենաներ կլինեն քաղաքի գրեթե բոլոր թաղամասերում, կհավաքվի թուղթ, պլաստիկ, պոլէթիլենային տոպրակ, ապակի և անգամ մարտկոցներ: Նախաձեռնությունը ֆեյսբուքյան իր էջում ակտիվ ծանուցումներ է կատարում: