Փետրվարի 5-ին Մարզահամերգային համալիր է այցելել Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը՝ աշխատակազմին ներկայացնելու նորանշանակ տնօրեն Կարեն Ղազարյանին:
Կոմիտեի նախագահը Համալիրի աշխատակիցներին պարզաբանել է հունվարի 30–ին անցկացված մրցույթի մանրամասները, փաստել, որ մեծ հետաքրքություն է եղել մրցույթի նկատմամբ, մինչ վերջին օրը թեկնածուներ են գրանցվել, լուրջ մրցակցություն է եղել 20 հոգու մեջ, եղել են արժանավոր թեկնածուներ, հաղթել է հանձնաժողովի կողմից ամենաբարձր միավորներ ստացած թեկնածուն:
«Սա շատ կարևոր քայլ է, մենք՝ բոլորս, սկսած քաղաքական ղեկավարներից, պիտի ամեն ինչ անենք, որ կայանա մրցույթների ինստիտուտը և որ մարդիկ հասկանան, որ լավագույն տարբերակը մրցույթն է և հավակնորդներն էլ համոզվեն, որ պիտի պատրաստված լինեն և ոչինչ այս դեպքում չի կարող խանգարել ընտրությանը»,- ասել է Նարեկ Բաբայանը, պարզաբանել, որ Կարեն Ղազարյանը համոզիչ ծրագրով է ներկայացել, իր ծրագրով և ստացած գնահատականներով ամենահամոզիչն է եղել հանձնաժողովի համար։
Կոմիտեի նախագահը աշխատակազմին հորդորել է աշխատանքը շարունակել նույն սրտացավությամբ, ասել, որ վստահությամբ, համատեղ աշխատանքով կկարողանան լուծել Համալիրի խնդիրները, վերականգնել կառույցի կենսունակությունը, լիարժեք օգտագործել բոլոր հնարավորություններն ու նոր շունչ հաղորդել։ Նաև վստահեցրել, որ կոմիտեն բաց է բոլոր առաջարկների, քննադատությունների համար. «Պատրաստ եմ լսել յուրաքանչյուրին. մենք պետք է համատեղ համակարգված աշխատանք տանենք գիտակցությամբ, որ խնդիրները շատ-շատ են և ամեն անգամ նոր շերտեր են բացվում: Մյուս կողմից դրանց լուծումը բարդ է ռեսուրսային առումով: Բայց մենք պիտի երազանք ունենանք, պիտի ամեն ինչ անենք այն իրականություն դարձնելու համար: Երկրում տեղի ունեցած փոփոխություններն այն հիմքն ու հնարավորությունն են, որ թույլ կտան իրագործել մեր երազանքը։ Մենք պիտի օգտվենք հնարավորությունից»։
ՄՀՀ տնօրեն Կարեն Ղազարյանը փաստել է, որ իսկապես անելիքներն ու ծրագրերը շատ են, սակայն վստահ է, որ ցանկացած բան կարելի է անել թիմով. «մեծ գործ ունենք անելու, պետք է կարողանանք այնպիսի մթնոլորտ ապահովել այստեղ, որ Համալիրը ոչ միայն սիմվոլ լինի, այլև դառնա երևանցիների և մայրաքաղաքի հյուրերի սիրելի վայրը: Այստեղ պետք է լավ համերգներ լինեն, հետաքրքիր միջոցառումներ: Մեզ օրուգիշեր աշխատանք է սպասում, իմանանք՝ սա էլ երկիրը փոխելու մեր բաժինն է, մեր գործով պիտի ապացուցենք, որ կարող ենք ունենալ Հայրենիք, որտեղ կուզենք ապրեն մեր երեխաները: Իմ ծրագրերը կլրացնեմ ձեր առաջարկներով, որ նոր ոճով աշխատենք և արդյունք տանք»:
Նարեկ Բաբայանը տեղեկացրել է, որ կանոնադրական փոփոխությամբ հնարավորություն կընձեռվի ՄՀՀ կառավարման խորհրդի կազմն ընդլայնել և 5 հոգու փոխարեն ընդգրկել 15 մարդու, վստահությամբ, որ խորհուրդը չի լինի ձևական, այլ գործնական աջակցություն կցուցաբերի ծրագրերի առաջխաղացմանը։