Տառատեսակի չափը

A
A
A

Տառատեսակի չափը

A
A
A

Նորություններ

«Գոլդեն Փելես» հյուրանոցը թալանված չէ, եւ աղբավայրի վերածվելու վտանգ չկա.

08/07/2019 Նորություններ

ՀՀ մաքսային պետական կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանի նվիրած «Գոլդեն Փելես» հյուրանոցը, որը գտնվում է Ծաղկաձորում թալանված չէ, եւ աղբավայրի վերածվելու վտանգ չկա։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը, հավելելով որ մամուլում տարածված այդ լուրերն իրականությանը չեն համապատասխանում:

«Հյուրանոցը դեռեւս պատկանում է Ավետիսյանների ընտանիքին։ Մենք արդեն շրջանառում ենք Կառավարության որոշման նախագիծը, որով գույքը պետք է ընդունվի որպես նվեր։ Քանի որ սեփականատերը Ավետիսյաններն են, նրանք են որոշել, որ իրենց դեպքում ավելի նպատակահարմար է, որ չգործի հյուրանոցը»,- ասաց Բաբայանը։

Հիշեցնենք, որ ԱԱԾ-ի՝ գործի նախաքննության սկզբնական փուլում տարածած հաղորդագրության համաձայն՝ նախնական տվյալներով, Արմեն Ավետիսյանը, 2001 թվականից զբաղեցնելով ՀՀ մաքսային պետական կոմիտեի նախագահի պաշտոնը, իր հետ գործնական կապերի մեջ գտնված անձանց հետ համատեղ ձեռնարկել եւ հիմնականում կանխիկ գումարներով ֆինանսավորել է Երևանի Ազատության պողոտայում գտնվող «Գոլդեն Փելիս» հյուրանոցային համալիրի կառուցումը: Իր եւ մյուսների մասնակցությունը, ինչպես նաեւ ֆինանսավորման աղբյուրը քողարկելու նպատակով հյուրանոցի կառուցումը վերագրվել է Կիպրոսի օֆշորային գոտում հիմնադրված «Ռիվերհիլ Հոլդինգս» ՍՊ ընկերությանը՝ հանրությանը այդ կերպ մոլորեցնելով, թե հյուրանոցի կառուցման համար ծախսված միլիոնավոր ԱՄՆ դոլարներն իբր ՀՀ-ում օտարերկրյա ներդրում են: Արմեն Ավետիսյանն, անձամբ վերահսկելով շինարարական աշխատանքների ընթացքը, իր պաշտոնական դիրքն օգտագործելով, առանձին դեպքերում նաեւ նպաստել է հյուրանոցի կառուցման ընթացքում ծագած տարաբնույթ խնդիրների լուծմանը: ԱԱԾ-ն հատկանշական է համարել այն հանգամանքը, որ օտարերկրյա ներդրումներով հյուրանոցը կառուցված լինելու փաստարկն ավելի համոզիչ դարձնելու համար 2005 թվականին հյուրանոցի բացման արարողության ժամանակ հանրությանը, որպես օտարերկրյա ներդրող ներկայացվել է իրականում այդ ընկերության գործունեության հետ որևէ կապ չունեցող Լիբանանի քաղաքացու, ով որոշ ժամանակ նույն հյուրանոցում աշխատել է ընդամենը որպես տնօրեն: Այնուհետեւ, ընդլայնելով հյուրանոցային բիզնեսը՝ նույն կազմակերպության անունից 2010-2012 թթ. Ծաղկաձորում կառուցվել է «Գոլդեն Փելիս» հյուրանոցը: 2012 թվականին վերը նշված երկու հյուրանոցների սեփականատեր դարձել է Անգլիայի Դուգլաս քաղաքում հիմնադրված «Գոլդեն գրուպ լիմիտեդ» ՓԲԸ-ն, որի 100 տոկոս բաժնետեր հանդիսացել է Արմեն Ավետիսյանի որդին՝ Արտաշես Ավետիսյանը: Հետագայում, ըստ ԱԱԾ-ի հաղորդագրության, 2018 թվականին, Արմեն Ավետիսյանի եւ նրա որդու կողմից Երեւանի Հյուսիսային պողոտայում հիմնադրվել է երրորդ «Գոլդեն փելիս բուտիկ» հյուրանոցը: Վերոնշյալ երեք հյուրանոցների շուկայական ընդհանուր արժեքն, ըստ ԱԱԾ-ի, 2016 թվականին գնահատվել է շուրջ 90 մլն ԱՄՆ դոլար: