Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանն ու կոմիտեի նախագահի տեղակալ Վարդան Կոստանյանը այսօր հանդիպել են իսպանական «Սֆերա» ընկերության բժշկական տնօրեն Ռաֆայել Գոթցենսի և համահիմնադիր Կառլոս Մալեթի հետ։ Ընկերությունը գործունեություն է ծավալում Ամերիկայում, Եվրոպայում, Ռուսաստանում ու Աֆրիկայում և շարունակում է ընդլայնել իր բժշկական ցանցը` հաճախորդներին լավագույն բժշկական ծառայություններ մատուցելու հիմնական նպատակով: Առողջապահության ոլորտում կառավարման և համակարգման խորը գիտելիքների շնորհիվ, ընկերությունը մշակել և կյանքի է կոչում բժշկական ցանցի և առողջապահական ծառայությունների մատուցման բարելավման նորարարական տեխնոլոգիաներ՝ նպատակ ունենալով հաղթահարելու միջազգային առողջապահության և տեղական կարիքների միջև առկա խոչընդոտը:
Կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը, ողջունելով հյուրերին Հայաստանում, ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից իրականացվող բարեփոխումները և օտարերկրյա ներդրումների համար բարենպաստ միջավայր ստեղծելու ուղղությամբ ձեռնարկվող քայլերը։ Նա ընդգծել է, որ Պետական գույքի կառավարման կոմիտեն իր իրավասությունների շրջանակներում պատրաստ է աջակցություն ցուցաբերել իսպանական ընկերությանը՝ ՀՀ-ում հնարավոր ներդրումային ծրագրեր իրականացնելու հարցում։ Ռաֆայել Գոթցենսը ներկայացրել է «Սֆերա»-ի ընթացիկ գործունեությունը, նշել է, որ ընկերությունը մշակում և իրականացնում է առողջապահական լուծումներ կառավարությունների, ապահովագրական ընկերությունների, ձեռնարկությունների, բանկերի, կազմակերպությունների և հաստատությունների համար` հարմարվելով շուկայի հատուկ առողջապահական կարիքներին:
Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել հաջորդ օրը այցելել պետական գույքի մասնավորեցման 2017-2020թթ. ծրագրում ընդգրկված՝ «Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ-ն և «Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» ՓԲԸ-ն։