Պետական գույքի կառավարման կոմիտեին վերջին շրջանում հաճախ են դիմում անհատներ ու կազմակերպություններ՝ ներդրումային տարբեր ծրագրերի հետ կապված հարցերով: Մասնավորապես, շատ են շենքային հարմար պայմաններ գտնելու վերաբերյալ հարցադրումները: Մեր երկրում ներդրումային երկարաժամկետ ծրագրերի ակնկալիքով օրեր առաջ ՊԳԿԿ-ին է դիմել նաև հարավ-կորեական հայտնի GR RAPHA ընկերությունը, որը դեղարտադրության ոլորտում շուրջ քսան տարվա գործունեության արդյունքում կայուն տեղ է գրավել միջազգային շուկայում և հայտնի է իր ինովացիոն արտադրանքով:
Դեղագործական ընկերությունը զբաղվում է օրգանական հենքով դեղամիջոցների արտադրությամբ, որոնք գործնականում նախատեսված են բժշկության բոլոր ուղղությունների համար:
Ընկերության ներկայացուցիչները հանդիպում են ունեցել Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանի հետ, ներկայացրել իրենց ծրագիրը, ըստ որի՝ ակնկալում են տասնյակ միլիոն դոլարի ներդրմամբ արտադրություն կազմակերպել Հայաստանում, հիմնականում ուղղված արտահանմանը:
Կոմիտեի նախագահը ներկայացրել է ուսումնասիրել կառույցի տնօրինման տակ գտնվող որոշ ազատ տարածքներ: Հնարավոր տարբերակները քննարկվել են ներդրողների հետ և համատեղ շրջայցեր են իրականացվել՝ ծրագրին հարմար տարածք գտնելու նպատակով: Վերջնական տարբերակ գտնելու և ներդրումային ծրագիրը սկսելու վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվությունը կներկայացվի հանրությանը: