Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանն այն քիչ մարդկանցից է, որ երկար տարիներ ծավալելով անթաքույց ընդդիմադիր գործունեություն, նախորդ իշխանությունների օրոք աշխատել է նաև պետական համակարգում՝ Էկոնոմիկայի, այնուհետև՝ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում:
Մեդիամաքսի ոչ պաշտոնական զրույցների շարքում այս անգամ հանդիպել ենք Նարեկ Բաբայանին: Պետական պաշտոնյան հետաքրքրությունների բավականին լայն շրջանակ ունի, որոնց մի մասով սկսել է զբաղվել միայն հասուն տարիքում։ Նա այն մարդկանցից է, որ երբեք չեն կաշկանդվում նոր բան սովորել, օրինակ, 24 տարեկանում որոշել է սովորել պարել եւ մոտ 5 տարի հաճախել է պարի դասընթացների։ Հասուն տարիքում է սկսել սովորել մանկությունից իր մեջ հետաքրքրություն առաջացրած երկրի` Ճապոնիայի լեզուն, հեծանիվ վարել եւ այսպես շարունակ։
Իմ նշանակումը քաղաքական էր
ԵՊՀ Ֆիզիկայի ֆակուլտետի շրջանավարտը շեշտում է՝ իր նշանակումը քաղաքական էր մի ոլորտում, որտեղ հնարավոր կլինի բացառել կոռուպցիան։ Հեղափոխությունից հետո նրա ընկերներից շատերն ավելի բարձր պաշտոններ ստացան։ Բաբայանի խոսքով` պաշտոնի ձգտում չուներ։ Իրենց գերխնդիրն աշխատանքով նպաստ բերելն է։
«Նշանակումները եւ պատասխանատվությունն այնպիսի էին, որ ծանրութեթեւ անելու շատ ժամանակ չկար։ Կային կարեւոր առաջնահերթություններ, օրինակ, նախարարների, փոխնախարարների նշանակումը, որպեսզի համակարգը կաթվածահար չլիներ։ Հասկանալի էր, որ նշանակումը լինելու է քաղաքական։ Քննարկվել է մի քանի տարբերակ, որից սա եմ նախընտրել,– ասում է նա ու հավելում, որ չի մտածում հետագայում այլ դաշտ տեղափոխվելու մասին։ – Իհարկե, կան ոլորտներ, որոնք նույնպես գրավիչ են ինձ համար, սակայն ավելի կամ պակաս հետաքրքիր լինելու մասին դժվար է խոսել։ Որեւէ ուղղությամբ չեմ շտապում։ Այստեղ նույնպես բավականին անելիք կա, որի ուղղությամբ ընթանում ենք թե՛ օրենսդրական, թե՛ տեխնիկական կարեւոր փոփոխությունների առումով։ Ապագայի հետ կապված քննարկումներ դեռ չենք ունեցել»։
Պետական գույքի կառավարման կոմիտեի իրականացրած գործարքների միջոցով որոշ կառույցների մասնավորեցումը, դրանց համար սահմանված գինը ժամանակ առ ժամանակ հայտնվել են հանրության ուշադրության կենտրոնում։ Բաբայանի խոսքով` իրենք մինչեւ այս իրականացված գործարքների ուսումնասիրություններ են անում, անհրաժեշտության դեպքում դիմում իրավապահ մարմիններին, ունեն հարուցված քրեական գործ։
«Ամեն գույք ունեցել է իր գինը։ Ուսումնասիրում ենք, թե որոնք են իրավախախտումներով վաճառվել։ Շատ դեպքերում հնարավոր է մասնավորեցված կառույցի վերադարձը պետական դաշտ, բայց կան նաեւ դեպքեր, որոնց վերադարձի հետ կապված ունենք օրենսդրական խնդիրներ։ Երբեմն հասկանում ենք, որ եղել է պայմանավորվածություն, բայց թղթաբանորեն մաքուր գործարք է։ Եթե ինչ–որ գույք պետությունը հանել է վաճառքի եւ այն ձեռք է բերել ինչ-որ պաշտոնյայի բարեկամ, հարց է առաջանում, թե ինչո՞ւ է պետությունը որոշել վաճառել հենց այդ մարդուն կամ որտեղից նրան այդքան գումար եւ այլն։ Սակայն հարցեր կան, որոնց բարձրացումն իրավապահ մարմինների կողմից որեւէ օրենքով ամրագրված չէ։ Այս դեպքում առաջ է գալիս անցումային արդարադատության հարցը, երբ հնարավոր է հրավիրել մարդուն եւ հարցնել ՝քեզ որտեղից այսքան միլիոն դոլար, որ, լինելով պետական աշխատող, կարողացար գնել այս գույքը կամ հարգելի կառավարության նախկին այսինչ պաշտոնյա, ինչպես որոշեցիք գույքը վաճառել գնահատված արժեքի 20 տոկոսով։ Այն ուսումնասիրություններով, որոնցում կան կոնկրետ իրավախախտումներ, նույն պահին դիմում ենք իրավապահներին, մի քանի գործ արդեն հանձնել ենք։ Դրանցից մեկով արդեն հարուցվել է քրեական գործ, մյուսներով դեռ պետք է հարուցեն»,– ասում է նա, ապա հավելում, որ նախկին գործարքները կուսումնասիրվեն, սակայն դրանք շատ աշխատատար են, համապատասխան գիտելիքներ եւ ռեսուրսներ են պահանջում։
Ըստ Նարեկ Բաբայանի` իրենց աշխատանքը միտված է ոչ միայն նախկին գործարքների բացահայտմանը, այլեւ հետագայում նման գործարքների բացառմանը, այդ իսկ պատճառով հիմա մշակում են ընթացակարգերի փոփոխություններ, որպեսզի ոլորտն առավել թափանցիկ դառնա։
Ընդդիմադիր գործունեությունս ու պետական աշխատանքս համատեղելի էին
Մոտ 9 տարի Նարեկ Բաբայանն աշխատել է պետական համակարգում: Վստահեցնում է՝ պետական աշխատանքն ու ընդդիմադիր գործունեությունը երբեք իրար չեն խանգարել: «Տարօրինակ է, բայց դրանք երբեք չեն խաչվել եւ իմ հանդեպ ճնշումներ չեն եղել։ 2013-ի ընտրություններից առաջ եղել են ճշտումներ, թե ով ում է քվեարկելու, սակայն իմ պատասխանից հետո, որ ՀՀԿ օգտին չեմ քվեարկելու եւ որեւէ ցուցակ չեմ տրամադրելու, ինձ այլեւս չեն անհանգստացրել։ Մտավոր սեփականության գործակալությունում աշխատելիս նման հարցեր չեն առաջացել»,- ասում է նա:
Պետական ապարատի աշխատանքին ծանոթ լինելը, Նարեկ Բաբայանի խոսքով, օգնում է առավել լավ տիրապետել ոլորտի խնդիրերին, սակայն նախորդ եւ ներկայիս աշխատանքների միջեւ համեմատության եզրեր չկան։ Նրա գնահատմամբ՝ պետական ապարատը շատ դանդաղաշարժ է։ «Եթե մենք ուզում ենք արագ տեմպերով լուրջ փոփոխություններ ունենալ երկրում, պետական ապարատը պետք է շատ ավելի շարժունակ լինի, աշխատողները՝ նախաձեռնող: Ինքս ներսից ծանոթ լինելով ոլորտին՝ կարող եմ ասել, որ եթե անգամ նախաձեռնողականություն եղել է, այն իր տեղը չի գտել եւ սահմանափակվել է վերեւից։ Մեր մոտեցումն այլ է։ Խնդիրների լուծումները լավագույնս կարող են առաջարկել աշխատակիցները։ Ինչքան էլ համակարգային փոփոխություններ արվեն, կան տեխնիկական շատ մանրուքներ, որոնք կարող էին չլինել, եթե բոլոր աշխատակիցները զբաղված լինեին դրանց լուծմամբ եւ նրանց խոսքը տեղ հասած լիներ», - շեշտում է կոմիտեի նախագահը։
Որպես ղեկավար` նա կարեւորում է աշխատակիցների հետ ուղիղ աշխատելը, արհեստական սուբորդինացիա պահպանելու ձեւականությունների հետեւից չընկնելը։ «Միայն իմ խոսքը չէ, շատերից եմ լսել այս գնահատականը։ Մինչեւ իմ նշանակումը ղեկավարի այս աշխատասենյակը գրեթե անհասանելի էր աշխատակազմի 90 տոկոսի համար։ Ամեն ինչ տեղի էր ունենում աշխատակազմի ղեկավարի, տեղակալների, մի քանի վարչության պետերի միջոցով, ինչն իմ կարծիքով արհեստական աշխատաոճ է։ Աշխատակիցներն էլ պետք է պայքարեն այն համակարգի դեմ, որում աշխատել են։ Հեղափոխությունը միայն մի քանի շաբաթվա ֆիզիկական գործողությունը չէր, այլեւ այն մտքի փոփոխությունը, կարծրատիպերի կոտրումը, որոնք շարունակվում են»,– ընդգծում է նա։
Ըստ Նարեկ Բաբայանի՝ պետական ապարատում իր գործընկերներից շատերն են մասնակցել կամ առնվազն քաջալերել ընդդիմադիր շարժումները։ «Ես շատ լավ տեսել եմ, որ պետական ապարատում աշխատողներից շատերը դեմ են նախկին իշխանություններին»,- շեշտում է նա ու նկատում, որ նախկին իշխանությունների օրոք էլ պետական հաստատունություններում աշխատել են նաեւ շատ լավ մասնագետներ, որոնք իրենց հմտություններով կարող են օգտակար գործունեություն ծավալել նաեւ այս իշխանությունների օրոք:
Ֆիզիկոսը` քաղաքականության մեջ
Ֆիզիկոսի մասնագիտությունն ընտրելիս չէր պատկերացնում, որ հետագայում իր գործունեությունը ծավալելու է քաղաքական ոլորտում։ Ասում է`վաղուց էր հետաքրքրվում քաղաքականությամբ, սակայն այս ոլորտում գործունեություն ծավալելն ավելի կոնկրետացել է Քաղաքացիական Պայմանագիր (ՔՊ) նախաձեռնության, հետագայում էլ կուսակցության հիմնադրմամբ։
Ասում է`ֆիզիկոսի մասնագիտությունն ընտրել էր գաղտնիքներ բացահայտելու համար, բայց հետագայում հասկացել է, որ Հայաստանում դա քիչ հավանական է։ «Ուսումնառության տարիներին ավելի ակնհայտ դարձավ, որ մասնագիտական ընտրությունս պատանեկան մեծ երազանքների հետ էր կապած, որպեսզի, օրինակ, հնարավորություն լինի բացահայտելու այնպիսի հարցերի պատասխաններ, որոնք տանջում են քեզ։ Սակայն գիտության տվյալ օրվա մակարդակին ծանոթանալով, հասկացա, որ այդ պատասխանները շատ ավելի հեռու են եւ խճողված։ Բանակում ծառայությունից հետո ինձ համար պարզ էր, որ եթե փորձեմ շարունակել այդ ուղղությամբ, ամենահավանական տարբերակը Հայաստանից հեռանալն ու այլ երկրում աշխատելն էր լինելու, ինչպես իմ ղեկավարի, կուրսընկերների դեպքում էր։ Այդ ժամանակ սկսեցի ոչ մասնագիտական աշխատանք անել։ Ընկերներս զբաղվում էին ջեռուցման, ջրամատակարարման համակարգերով, ես էլ սկսեցի այդ ոլորտում աշխատել։ Մոտ երկու տարի դրանով եմ զբաղվել, որից հետո աշխատանքի եմ անցել Էկոնոմիկայի նախարարությունում»,– պատմում է նա։
Քաղաքականությամբ հետաքրքրվել Բաբայանը սկսել է 1998 թվականից՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի հրաժարականի հետո, երբ 14 տարեկան էր։ Ասում է՝ այդ հետաքրքրությունը հորից է փոխանցվել իրեն, որը միշտ լսում էր «Ազատություն» ռադիոկայանի հաղորդումները։ 14-ամյա պատանու մոտ այդ հետաքրքրությունն այնքան էր խորացել, որ երեկոյան շտապում էր տուն, որպեսզի երեկոյան 7-ի թողարկման ժամանակ ընթրեր եւ ու հետեւեր թողարկմանը։ Իր ընդդիմադիրի կեցվածքն առավել ընդգծված է դարձել 19 տարեկանում` 2003 թվականի նախագահական ընտրություններից հետո:
«2003-ի նախագահական ընտրություններից հետո ընտանիքիս հետ մասնակցել եմ բոլոր ցույցերին։ Շատ լավ տեղեկացված էի, թե ինչպես են կեղծվել ընտրությունները։ 2008-ին «Հիմա» երիտասարդական նախաձեռնության հիմնադիրներից եմ եղել»,- հիշում է նա, ապա նկատում, որ շարժման առաջամարտիկներից շատերը՝ Արայիկ Հարությունյանը, Լիլիթ Մակունցը, Արսեն Թորոսյանը, Հակոբ Արշակյանը եւ այլք, այսօր տարբեր պաշտոններ են զբաղեցնում եւ լծված են փոփոխությունների գործին:
Ընդդիմադիրի դիրքերից անցումը ղեկավար դիրք նրա համար անսովոր չէ: Ասում է՝ ժամանակին բարձրաձայնել են խնդիրները, հիմա դրանք շտկելու հնարավորություն ունեն։ Արտառոց որեւէ բան չկա։
Իրար թույլ չենք տա փոխվել պաշտոնի ազդեցությամբ
Պաշտոնի բարձրացումը բերում է ոչ միայն պատասխանատվության, այլեւ իրավունքների մեծացման։ «Իշխող կուսակցություն» տերմինից Բաբայանը խուսափում է, ասում է՝ դա ՀՀԿ սիրելի անվանում էր, սակայն «իշխողն» ունի կեղեքողի երանգներ, որն իրեն դուր չի գալիս. «Իշխանությունը ժողովուրդն է։ Մենք ընդամենը կառավարող քաղաքական ուժն ենք։ Ղեկավարի պաշտոնում հնարավորություն ունենք մեր աշխատանքով նպաստելու մեր երազանքների իրականացմանը, որոնց համար երկար պայքարել ենք։ Հնարավորություն է ստեղծվել անձամբ իմ ու մեր կոլեկտիվի աշխատանքով երկրին մեծ նպաստ բերելու։ Մեծ ոգեւորություն է, որ մաս ես կազմում այն գործընթացի, որի հետեւանք են լինելու, օրինակ, խոշոր ներդրումները։ Պատասխանատվությունը եւ աշխատանքի ծանրաբեռնվածությունը մեծացել են, սակայն ուժերը չեն ջլատվում, որովհետեւ զգացվում է, որ աշխատանքն արդյունք է ունենալու»:
Բաբայանը կարծում է, որ պաշտոնն իրենց չի փոխի։ Ասում է, եթե անգամ չգործի ներքին զսպօղակը, կուսակից ընկերներն իրար թույլ չեն տա փոխվել պաշտոնի ազդեցությամբ: «Հեղափոխությունից հետո կտրուկ փոփոխություն է եղել գրեթե ամենուր։ Պաշտոններ են ստացել մարդիկ, որոնք երբեք իրենց չեն պատկերացրել թիկնազորով, ջիպերով, ինչպես նախկին պաշտոնյաներից շատերը, իրենց ավելի բարձր չեն դասել։ Մենք միշտ ունեցել ենք սովորական մարդկային շփում քաղաքացիների հետ եւ պարզ գիտակցել ենք, որ ուզում ենք այնպիսի փոփոխություն, որ պաշտոնյաներն իրենց վեր չդասեն։ Նույնիսկ եթե ինչ-որ մարդկանց մոտ նման մղումներ լինեն, թիմային գիտակցումը, որ դա անթույլատրելի է, որեւէ մեկին չի թողնի փոխվել։ Ի վերջո, այդ փոփոխություններն ինչ-որ կերպ դրսեւորվելու են, նկատելի կլինեն հանրությանը, ԶԼՄ-ներին եւ չեն կարող անարձագանք մնալ։ Մենք գնում ենք ժողովրդավարական ճանապարհով եւ քաղաքական թիմով պատասխանատու ենք հանրության առաջ։ Յուրաքանչյուրիս բացթողումն անդրադառնալու է դրա վրա եւ եթե անգամ չգործի անձնական զսպվածությունը, ավելի բարձր զսպող մեխանիզմներ կլինեն»,- ասում է նա։
Հիփոթեքով եմ տուն ձեռք բերել
Պետական աշխատանքին զուգահեռ այլ աշխատանքով Բաբայանը երբեւէ չի զբաղվել։ Թեեւ այս ոլորտում աշխատավարձերն առանձնապես բարձր չեն, նա չի դժգոհում. «Ժամանակի ընթացքում թե՛ պաշտոնի առաջխաղացումը, թե՛ աշխատավարձի բարձրացումը պայմաններն ավելի բարենպաստ են դարձրել»։
Դիտարկմանը, թե պաշտոն ստանձնելուց հետո որքանով է բարելավվել իր կյանքը, նա արձագանքում է, որ բարեկեցիկ ասելով յուրաքանչյուրը մի բան է հասկանում. «Այս փուլում ոչ ես, ոչ էլ մեզանից որեւէ մեկն աշխատավարձի վրա կենտրոնացած չէ։ Ի տարբերություն ինձ, իմ թիմի անդամներից շատերն ավելի բարձր աշխատավարձով աշխատանք են թողել, եկել եւ աշխատում նախարարի, փոխնախարարի աշխատավարձով։ Այստեղ առաջ է գալիս պատասխանատվության եւ գիտակցման հարցը։ Իհարկե, ղեկավար մարմնում աշխատողների համար ծախսերն ավելի շատ են, բայց առանձնապես ոչ ոք չի նեղվում։ Մենք գիտակցում ենք, որ ապագայում հնարավորություն կլինի թե՛ մեր, թե՛ պետական մյուս աշխատողների աշխատավարձերը բարձրացնել»։
Հայկական իրականության մեջ անսովոր երեւույթ է, որ պետական պաշտոնյան կարող է հիփոթեքով տուն ձեռք բերել։ Բաբայանը սա նորմալ է համարում ու հիշատակում, որ ժամանակին վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ է հիփոթեքով գույք ձեռք բերել։ Կնոջ՝ Լենա Նազարյանի հետ, հիմա վարձակալած բնակարանում են ապրում, ապագայում կտեղափոխվեն Ավան համայնք, որտեղ էլ հիփոթեքով տուն են ձեռք բերել։
ՔՊ–ում իրար հանդեպ ավելի քննադատ ենք, քան կարելի է ենթադրել
Հասարակական քննարկումներում հաճախ առանցքային տեղ է զբաղեցնում միտքը, որ հեղափոխությունը դեռ ընթացքի մեջ է: Նախկին իշխանությունների դեմ պայքարը շարունակվում է ժողովրդական ճակատով, ինչը շատերին թույլ չի տալիս լինել առավել քննադատ նոր իշխանության հանդեպ: Բաբայանը վստահեցնում է՝ թիմում շատ ավելի քննադատ են իրար հանդեպ, քան կարող է զգացվել. «Մեզնից շատերի միջեւ ձեւավորվել են մտերիմ հարաբերություններ, սակայն գործի մեջ երբեք չի եղել «թայֆական մտածողություն»։ Անհրաժեշտության դեպքում նաեւ շատ սուր քննադատել ենք իրար։ Քննադատության տեղիք տվող շատ հարցեր, որոնք նույնիսկ հանրության կողմից շատ սուր չեն գնահատվում, չեն անտեսվում մեր կողմից: Մենք այդ ամենը քննարկում ենք, թեեւ հիմա ժամանակը չի ներում հանգամանալից անդրադառնալ բոլոր հացերին։ Վստահ եմ, որ ընտրություններից հետո ամեն ինչ իր հունով կգնա»։
Իր արած քննադատությունները գործընկերներին Բաբայանը հիշում է, բայց չի բարձրաձայնում։ Ասում է՝ դրանք հիմնականում կապված են եղել ինչ-որ որոշումների ծանրութեթեւ արված չլինելու հետ: Նրա խոսքով՝ անձամբ հասցեատերերին է ասել իր կարծիքը: Իր աշխատանքի հետ կապված քննադատություն առայժմ չի լսել: Դա պայմանավորում է այն հանգամանքով, որ պետական գույքի կառավարումն այնքան մեծ հետարքրքություն չունի, որ հնարային մեծ արձագանք ստանա: Այնուամենայնիվ, ակնկալում է, որ հետագայում ինքն էլ կլսի քննադատություններ:
Երկու քաղաքական գործիչը մի տան մեջ շատ չէ
Նարեկ Բաբայանն ամուսնացած է ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանի հետ։ Բաբայանի կարծիքով, երկու քաղաքական գործիչ մի տան մեջ շատ չէ, եթե երրորդն ավելանա, արդեն մտածելու առիթ կունենան։
Տիկնոջ հետ համատեղ հետաքրքրություններն էլ շատ են` արշավների գնալը, հեծանվասպորտը, որոնց ժամանակը վերջին շրջանում չի լինում։ Ավելի քիչ ժամանակ խլող հետաքրքրություններ էլ ունեն, օրինակ, ֆիլմ դիտել, թեեւ այս դեպքում առաջ է գալիս ժանրային նախընտրությունների տարբերությունը։ Դե իսկ քաղաքական քննարկումները նրանց առօրյայի անբաժան մասնիկն են։ Պետական գույքի կառավարման կոմիտեին առնչվող հարցեր տանը չեն քննարկում, բայց կուսակցական հարցերից, քաղաքական քննարկումներից խուսափել նրանց ընտանիքում գրեթե անհնար է։ Բաբայանի խոսքով` ունենում են նաեւ բանավեճեր, քանի որ իրենց կուսակցության սկզբունքներից է անկաշկանդ լինել միմյանց քննադատելիս։
Նա նշում է, որ այս քննարկումներից ու քաղաքականացված առօրյայից չի հոգնում, քանի որ կուսակցական գործունեությունն աշխատանք չի համարում. «Դա կենսակերպ է դարձել, հետաքրքրություն է, որից կտրվելու ցանկություն առանձնապես չի լինում»։
Պաշտոնը մեծացրել է աշխատանքային զբաղվածությունն ու պատասխանատվությունը, սակայն ամուսինները չեն դժգոհում ժամանակի սղությունից։ Բաբայանը նկատեց, որ շատ ավելի բարդ է այն գործընկերների համար, որոնք նաեւ երեխաներ ունեն։ «Այն հանգամանքը, որ մենք դեռ երեխաներ չունենք, հնարավորություն է տալիս ավելի ազատ եւ ճկուն մոտենալ այս հարցերին։ Կարծում եմ` ժամանակի ընթացքում գրաֆիկն ավելի կկարգավորվի»,– ասում է նա։
Մինչեւ հեղափոխությունը սիրում էր կարճ սերիալներ նայել, որի ժամանակը հիմա չունի։ Ժամանակի սղության պատճառով ժամանցի տարբերակները բավականին կրճատվել են, բայց նա չի դժգոհում. «Սա շատ հետաքրքիր փուլ է։ Միշտ չէ այսպես ձգվելու։ Հասկանում ենք, որ հետագայում հնարավոր կլինի նույն բավականությամբ, բայց ավելի հանգիստ տեմպով աշխատել»։
Հասուն տարիքում սկսեցի պարով զբաղվել
Նարեկ Բաբայանն իրեն ազատ թողնել չի սիրում։ Հասուն տարիքում էլ իր համար նոր հետաքրքրություններ է գտել, զբաղվել։ Այս առումով որեւէ կոմպլեքս չունի։ Հայկական մենթալիտետի ֆոնին որքան էլ զարմանալի է թվում, նա 24 տարեկանում սկսել է հաճախել պարի. «Տանգո սովորելու մղումն ինձ ստիպեց գնալ պարի։ Ընթացքում պարզ դարձավ, որ պետք է նաեւ այլ պարեր սովորել, ինչը սկզբում բացասական գնահատեցի, հետո սկսեցի սիրել։ Լատինաամերիկյան պարերի էին գնում։ Դա մինչեւ քաղաքական գործունեություն սկսելս էր։ Մոտ 5 տարի պարի գնալուց հետո պարապմունքներս դադարեցրի, քանի որ ինչ-որ փուլում հասկացա, որ բացակայություններս այնքան շատ են, որ անիմաստ է հաճախելը։ Կարծում եմ՝ մարդիկ պիտի կարծրատիպեր չունենան հասուն տարիքում նոր բան սովորելու հետ կապված։ Ինքս միշտ փորձում եմ նոր բաներ սովորել, հետաքրքրություններ գտել։ Շատ եմ կարեւորում մարդու ինքնազարգացումը։ Մեծ տարիքում եմ որոշել եւ մոտ 8 ամիս ճապոներենի դասերի գնացել, մեծ տարիքում եմ սովորել հեծանիվ վարել եւ այլն»,– նկատում է նա։
Ընտանիքս ինձ սովորեցրել է պայքարել հանուն արդարության
Նարեկ Բաբայանի հայրը ծննդով Արցախից է, մեծացել է Բաքվում, սովորել Երեւանում, մաթեմատիկոսի կրթություն է ստացել։ Մայրը ծնվել եւ մեծացել է Արտաշատում է, սովորել է Երեւանում` Կոնսերվատորիայում։ Երգել է երգչախմբերում, ապա դասավանդել դպրոցում։ Մայրիկի ազդեցությամբ 6 տարեկանից հաճախել է երաժշտական դպրոց։ Հիմա էլ երբեմն նվագում է լիցքաթափվելու համար։ Հոր ազդեցությամբ մաթեմատիկական խնդիրներ է լուծել, զարգացրել տրամաբանությունը։ Հետագայում սիրելի առարկաների թվին է միացել ֆիզիկան, որը մասնագիտական է դարձել նրա համար։ Մանկության մեծ հետաքրքրություններից է եղել նաեւ աշխարհագրությունը։ Հիշում է, որ փոքր տարիքում «Ատլաս» գիրքը բարձի տակ էր դնում քնելիս։ Առավել մեծ հետաքրքրություն է ունեցել Ճապոնիայի, Արեւմտյան Եվրոպայի եւ Հայաստանի հանդեպ։
Նարեկ Բաբայանը մեծացել է Երեւանի Աջափնյակ համայնքում, իսկ ամառային արձակուրդներն անցկացրել մորական տատիկի մոտ` գյուղում։ Կարեւորում է, որ թե՛ քաղաքային, թե՛ գյուղական միջավայրի ազդեցությունը եղել է իր վրա։ «Մեծ տարիքում, երբ մտածել եմ ինձ վրա քաղաքի ազդեցության մասին, հասկացել եմ, որ իսկապես քաղաքային մշակույթը, ճարտարապետությունը մեծ ազդեցություն են ունենում մարդու տեսակի վրա։ Իհարկե, Երեւանը չես համեմատի մեծ քաղաքների հետ, բայց որոշակի ազդեցություն է ունենում շփվելու, վարվելակերպի առումով»,– ասում է նա։ Իսկ ահա գյուղական միջավայրը, ըստ Բաբայանի, աչքի է ընկնում ավելի մարդկային, կամեցող ու բարյացակամ մարդկանցով։ Ծնողների ներդրած ամենակարեւոր արժեքները համարում է արդարության համար պայքարելը, չմեծամտանալն ու չգոռոզանալը։