Տառատեսակի չափը

A
A
A

Տառատեսակի չափը

A
A
A

Հրապարակումներ

«Հայֆիլմի» խնդիրները քննարկվել են հանրային հարթակում

06/08/2018 Հրապարակումներ

14:56, 6 Օգոստոս, 2018ԵՐԵՎԱՆ, 6 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հաշվի առնելով «Հայֆիլմ» կինոստուդիայի հանդեպ հասարակական մեծ հետաքրքրությունը, Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանն օրեր առաջ ֆեյսբուքյան իր էջում հանրային քննարկման նախաձեռնությամբ էր հանդես եկել: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման կոմիտեից, հրավերին արձագանքել էին ոլորտի մոտ երեսուն  ներկայացուցիչներ՝ «Հայֆիլմի Վերածնունդ» նախաձեռնության անդամներ, երիտասարդ ու փորձառու մասնագետներ, որոնց հետ հանդիպումը կայացել է օգոստոսի 4-ին՝ Կինոյի տանը: Հանդիպմանը մասնակցել են նաև Մշակույթի նախարար Լիլիթ Մակունցն ու գերատեսչության այլ ներկայացուցիչներ:

Հայկական կինոյի ու «Հայֆիլմի»  ճակատագրով մտահոգ մասնագետները բարձրացրել են ընկերության կարգավիճակի, ներդրումների ներգրավման,  պետական աջակցության հետ կապված բազմաթիվ հարցեր, որոնց պատասխանել են Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահն ու Մշակույթի նախարարը,  պարզաբանումներ ներկայացրել ներկա իրավիճակի վերաբերյալ, վստահեցրել, որ կինոստուդիային առնչվող որևէ որոշում չի կայացվի՝ առանց հանրային քննարկման: 

Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը փաստել է. «Շուրջ 25 հա զբաղեցնող տարածքում «Հայֆիլմի»   շենք-շինությունները   17հազ. ք/մ են  կազմում և նման  հսկայական տարածքի պահպանության, առավել ևս զարգացման համար պահանջվող ներդրումները հսկայական են: Ակնհայտ է, որ պետությունն այսօր չունի այնքան միջոցներ, որ կարողանա միլիոնավոր դոլարների չափով գումարներ ուղղել ընկերության վերակենդանացմանը: Մյուս կողմից՝ այն, որ այսօր «Հայֆիլմը»   Մասնավորեցման ծրագրի ցանկում է, դեռևս չի նշանակում, թե այն անպայման  պետք է մասնավորեցվի:  Համակողմանի քննարկումների արդյունքում պետք է ընտրվի ամենաօպտիմալ տարբերակը»:

Կոմիտեի նախագահի տեղակալ Գևորգ Լոռեցյանը հավելել է, որ առաջարկվող ցանկացած տարբերակ պետք է հիմնավորված լինի և կանխատեսելի՝ լուծումից ակնկալվող արդյունքը: Ընկերության ներկայացուցիչները քննարկման մասնակիցներին պատմել են, որ ունեն ընդամենը 14 աշխատակից, որից 5-ը՝ անվտանգության գծով, սակայն կինոստուդիայում փորձում են պահպանել ու փրկել,  ինչ հնարավոր է: Ըստ նրանց, բոլոր այն ստորաբաժանումները, տաղավարները, որ այսօր պահանջարկված են, գործում են և կարող են շատ ավելի մեծ ծանրաբեռնվածությամբ աշխատել՝ պատվերների առկայության դեպքում: Այս հարցում ակնկալում են նաև Մշակույթի նախարարության աջակցությունը, որպեսզի կարողանան ավելացնել ինքնաֆինանսավորումը:

Քննարկման մասնակիցներն անդրադարձել են նաև կինոստուդիայի՝ 2005թ. մասնավորեցման  պատմությանը, հիշեցրել, որ մամուլում  բազմաթիվ հրապարակումներ են եղել, որոնք  կասկածի  տակ էին առնում գործարքի օրինականությունը, առաջարկել այդ հարցերով դիմել իրավապահ  մարմիններին: Կոմիտեի  նախագահն ու Մշակույթի նախարարը պարզաբանել են, որ  «Հայֆիլմին»   առնչվող բազմաթիվ խնդիրները տարանջատման  կարիք ունեն. դրանք գույքի ու շենքերի պահպանությանն են վերաբերում, ներդրումներին,  կինոարտադրությանը, խորհրդահայ կինոժառանգությանն ու ընդհանրապես ոլորտի քաղաքականությանը, որպեսզի համակարգված լուծումներ գտնելն ավելի դյուրին  լինի:

Հնչել են բազմաթիվ մտահոգություններ ու տեսակետներ, զգայական գնահատականներ, նաև՝  հռետորական  հարցադրումներ և դրանք առարկայական դաշտ բերելու  համար Նարեկ Բաբայանը հորդորել է զրուցակիցներին՝ հստակ առաջարկություններ ներկայացնել, վստահեցրել, որ  բոլորը կքննարկվեն Մշակույթի նախարարության հետ միասին: