Մեկ ամիս առաջ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը անձամբ եղավ և՛ հիվանդանոցի նախկին շենքում, և՛ կիսաքանդ մի տանը տեղակայված թանգարանում ու խոստացավ, որ շենքի հարցը լուծում կստանա:
«Կփորձենք մեր ուժերի ներածը ամեն ինչ անել, կդիմենք պետգույքին, կխնդրենք, որպեսզի հարցին լուծում տրվի: Թե ինչ ընթացք կլինի արդեն մյուս վարչություններում, գործակալություններում, դա չեմ կարող ասել, բայց այն, որ ինչ մեզանից կախված է, մենք կանենք՝ էդ միանշանակ կարող եք վստահ լինել», - «Ազատության» հետ զրույցում ասաց նախարարը՝ հավելելով․ - «Շատ ափսոսում եմ, որ ուղղակի նման ցուցանմուշները էսպես փակված, ավելին՝ իրար գլխի, որը նույնպես վտանգ է ներկայացնում հենց իրենց պահպանության համար, որ էդպիսի վիճակում են, չգիտեմ․․․ Տեսնելով՝ առավել ևս համոզվում եմ, որ հնարավորինս շուտ պետք է լուծում տրվի»:
Թանգարանի շենքի հարցը մշտապես բարձրաձայնվել է գրեթե բոլոր կառավարությունների առաջ: Վարչապետերից շատերը խոստացել են այցելել թանգարան ու շենքի հարցը լուծել, սակայն խոստումներից այն կողմ չեն անցել: Որ թանգարանի շենքի հարցը նոր կառավարությունն այսքան արագ է լուծելու, թանգարանի աշխատակիցների համար անսպասելի է եղել:
Թանգարանի տնօրեն Արտաշես Բոյաջյանը «Ազատության» հարցին՝ կառավարության որոշմամբ արդյոք նշվա՞ծ է, թե շենքի վերանորոգումն ում միջոցներով է արվելու և երբ, արձագանքեց․ - «Նախագիծ կազմվեց, և այդ նախագծի համաձայն՝ կառավարությունը որոշում ընդունեց, որպեսզի Գյուլբենկյանի անվանի հիվանդանոցի շենքը հանձնվի անհատույց, անժամկետ օգտագործման Շիրակի երկրագիտական թանգարանին: Եվ երկամսյա ժամկետում պետք է պետական գույքի կոմիտեի հետ մեր կազմակերպությունը էդ կադաստրային խնդիրներին լուծում տա, որից հետո արդեն նոր կառավարությունը՝ դա մշակույթի նախարարությունը, մարզպետարանը համատեղ, պիտի արդեն կազմի շենքի վերանորոգման, էքսպոզիցիայի և բազմաթիվ այլ հարցեր ու խնդիրներ»:
Դեռ 88 տարի առաջ հիմնադրված այս թանգարանը սեփական շենք երբևէ չի ունեցել: Տարիներ շարունակ տեղակայված է եղել Գյումրիի հին թաղամասերից մեկի հին ու խոնավ սեփական տներից մեկում: «Ազատության» այցելության պահին պահոցից հին գորգերն ու կարպետներն էին փռել արևի տակ, որ չփչանան, ինչը, ըստ թանգարանի հնագետներից Լարիսա Եգանյանի, անթույլատրելի է, սակայն այլ տարբերակ չունեն: Ավելի քան 25 հազար ցուցանմուշ ունեցող թանգարանում ցուցանմուշներն արկղերի մեջ են պահվում, որոնցից շատերը 30 տարի է չեն բացվել: Թե ինչ վիճակում են տասնամյակներ շարունակ ձմռան ցրտերն ու խոնավությունը «վերապրած» ցուցանմուշները, թանգարանի աշխատակիցներն էլ չգիտեն:
Հատկացվող պետական միջոցները բավարար չեն՝ պահոցներում նորմալ պայմաններ ապահովելու ցուցանմուշների համար, ասում է տնօրենը: «Թանգարանը ոչ մի եկամտի աղբյուր չունի՝ բացի պետության կողմից հատկացված միջոցներից: Անցած տարվա համեմատ նվազել է բյուջետային հատկացումները, հիմա 19 միլիոն դրամից մի քիչ ավել է տարեկան, դրա մեծ մասն էլ հիմնականում աշխատավարձի ֆոնդն է և կոմունալ ծախսերն են՝ էդքան», - հայտնեց Բոյաջյանը:
Հիմա անհամբեր սպասում են, թե երբ կսկսվի ու կավարտվի շենքի վերանորոգումը: Ի դեպ, ըստ Գյումրիում շրջանառվող տեղեկությունների՝ վերակառուցվող Կումայրի պատմական միջուկի տարածքում գտնվող շենքի վրա շատ պաշտոնյաներ են աչք ունեցել՝ հյուրանոց կառուցելու համար: Շենքի տրամադրման հարցում նաև Գյումրիի քաղաքապետը իր համաձայնությունը չէր տվել՝ պնդելով, թե այն մեծ է ու ավելի նպատակահարմար է՝ ադմինիստրատիվ որևէ կառույցի ծառայի, և որպես այլընտրանք առաջարկել էր քաղաքի ծայրամասում գտնվող վիճակագրական ծառայության շենքը հատկացնել՝ նաև տուրիզմը քաղաքի կենտրոնից ծայրամաս տեղափոխելու համար:
Արտաշես Բոյաջյանը հակադարձում է քաղաքապետին․ - «Ես ինչքան գիտեմ՝ բոլոր խոշոր քաղաքներում, մեծ քաղաքներում չկա այդպիսի մի դեպք, որ կարևոր, գլխավոր թանգարանները լինեն քաղաքի ծայրամասում՝ հիմնականում քաղաքի կենտրոնում են, վերցնենք, ասենք, Երևանում: Եթե ինքը էդքան շատ է մտածում ծայրամասերի համար, էդ արձանները ոչ թե պետք է բերեր քաղաքի կենտրոնում տեղադրեր, այլ՝ քաղաքի ծայրամասերում»:
Ի դեպ, թանգարանն ունի արշավախումբ, որը Շիրակի հայագիտական կենտրոնի կողմից է ֆինանսավորվում, և այս պահին էլ շարունակվում են պեղումները, թանգարանի ֆոնդը գնալով ավելանում է: