Կարծում եմ՝ շատ շուտով՝ մեկ ամսվա ընթացքում, կավարտենք Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցի գնահատման աշխատանքները և պետականացման նախագիծը կուղարկենք կառավարություն: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը:
«Այնտեղ գործունեությունը դադարեցված է: Մենք արդեն իրականացրել ենք ներսի գույքի գնահատում և մեր մասնագետները հենց հիմա իրականացնում են նաև ամբողջ արտաքին անշարժ գույքի գնահատումը: Մենք նաև որոշակի տեղեկատվություն ունենք, որը դեռևս ճշտման կարիք ունի, որ հյուրանոցն այս ընթացքում աշխատել է բացասական բալանսով: Այսինքն՝ տարվա կտրվածքով եկամուտ չի ապահովել: Մի քանի ամիս հայտարարված է, որ պետականացման գործընթաց է գնում, բայց որևէ հետաքրքրվածություն չի եղել գնորդների, ներդրողների կողմից»,- ասաց Նարեկ Բաբայանը:
Ինչ վերաբերում է գեներալ Մանվել Գրիգորյանի՝ Ակնալիճ համայնքում գտնվող գույքի նվիրատվությանը, Նարեկ Բաբայանը հայտնեց, որ այս պահին որևէ գործընթաց տեղի չի ունենում:
«Դատախազությունից գրություն կար կառավարություն, որ առայժմ գործի ընթացքից ելնելով կարիք կա պարզել՝ գույքի ձեռքբերումն ինչպես է տեղի ունեցել: Միգուցե, արդյունքում դա պետք է բռնագանձվի: Նվիրատվության մասին հայտնի դառնալուց մոտ մեկ ամիս անց այդ գրությունը եղավ և դրանից հետո որևէ պրոցես տեղի չի ունեցել: Չեմ կարող ասել՝ ի վերջո երբ կարող է պրոցեսը շարունակվել»,- նշեց Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահը:
Հիշեցնենք, որ Մաքսային կոմիտեի նախկին պետ Արմեն Ավետիսյանը և ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանը նախորդ տարվա հոկտեմբեր և նոյեմբեր ամիսներին հայտարարեցին իրենց պատկանող գույքը պետությանը նվիրելու մասին: Մանվել Գրիգորյանը ցանկանում էր ՀՀ-ին նվիրել Ակնալիճ համայնքում «Ակնալճի կուղբաբուծական տնտեսություն» ընկերության շուրջ 330 հեկտար տարածք: Գրիգորյանի կողմից պետությանը նվիրաբերվող տարածքի շուկայական արժեքը գնահատվում է ավելի քան 10.5 մլն դոլար։ Իսկ «Գոլդեն Փելես» հյուրանոցի սեփականատերը ՀՀ մաքսային պետական կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանն է և ԱԱԾ–ում նրա նկատմամբ հարուցված քրեական գործից հետո նա դիմել էր նախաքննական մարմնին` «Գոլդեն Փելես» հյուրանոցը պետությանը նվիրելու առաջարկով։ Հյուրանոցի արժեքը շուրջ 20 միլիոն դոլար է:
Նարեկ Բաբայանը նաև հայտնեց, որ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանը պետք է տեղափոխվի Դիլիջանից: Առայժմ հստակ չէ՝ որտեղ պետք է տեղափոխվի, բայց Բաբայանի խոսքով՝ պետք է լավ պայմաններ ստեղծվեն և դրանից հետո միայն տեղափոխությունը տեղի ունենա:
Նշենք, որ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանն այժմ տեղակայված է Դիլիջանում, այն հյուրանոցում, որը կառուցված է եղել Պետական եկամուտների կոմիտեի համար:
«Այնտեղ կա լողավազան, մարզասրահ, նման պայմաններ պարտադիր պետք է ապահովվեն նոր շենքում: Իսկ ներկայիս տարածքում 8 հա-ի վրա տեղակայված հազարավոր մետրերով կառուցված շինություններ են, որոնք ի սկզբանե նախատեսված էին որպես հյուրանոց: Այնտեղ կա 8 հարկանի 30 համարանոց հյուրանոց, որը փակի տակ է: Այնտեղ կան 9 հյուրանոցային քոթեջներ, որոնք ըստ նշանակության չեն օգտագործվում: Կան շատ այլ հանգստյան պայմաններ, որոնք չեն օգտագործվում: Այսինքն, ծախս է արված, որն արդյունավետ չէ»,- նշեց նա:
Ըստ Նարեկ Բաբայանի՝ ամենաճիշտ որոշումը կլինի այն, որ Մոնթե Մելքոնյանի անվան վարժարանը ներկայիս տարածքը ծառայի որպես հյուրանոց. «Միաժամանակ վարժարանի համար պետք է վերանորոգվի կամ կառուցվի նոր շինություն: Հիմնականում դիտարկվում են Երևանից դուրս, լավ կլիմայական պայմաններով գոտում ինչ-որ տարբերակներ, փնտրտուքի մեջ ենք»:
Նրա տեղեկացմամբ՝ Դիլիջանում ՊԵԿ հյուրանոցի առնչությամբ 4 քրեական գործ է հարուցվել՝ գնումների, շինարարության հետ կապված:
Հարցին, թե ինչու է ՊԵԿ-ի համար նման հյուրանոց կառուցվել, Նարեկ Բաբայանը պատասխանեց. «Ես կարող եմ պատասխանել այդ հարցին ոչ որպես կոմիտեի նախագահ, այլ ուղղակի քաղաքական գործիչ կամ քաղաքացի: Ակնհայտորեն, այդ համալիրը կառուցվել է որպես ՊԵԿ-ի ուսումնական կենտրոն, որ հետո մասնավորեցվի: Տրամադրվել է վարժարանին, որովհետև ապրիլյան պատերազմից հետո երբ կար հանրային շատ մեծ լարում և ռազմական ուսումնարանի սաները գտնվում էին շատ վատ պայմաններում, իսկ դրան զուգահեռ ՊԵԿ-ը կառուցել էր շատ ճոխ հյուրանոցային համալիր, որտեղ կային հազարավոր դոլար արժողությամբ սիգար կտրիչներ և այլն: Այդ ցասումը մեղմելու նպատակով հնարավոր է եղել ուսումնարանը տեղափոխել այդտեղ»: