«Իմ կարծիքով՝ ուղղակի աճուրդի հանելը սխալ կլինի, քանի որ դա կարող է արժանանալ նախորդների ճակատագրին և շատ ավելի բացասական հետևանք ունենալ: Պետք է հստակ մշակված ծրագիր-առաջարկ լինի, և առնվազն 1-2 հետաքրքրվողներ լինեն, ընդ որում, կոնկրետ նշանակությամբ: Առայժմ քննարկվում է հյուրանոցի տարբերակը: Շատ հնարավոր է, որ ներդրող և օպերատոր ընկերությունը տարբեր լինեն, հիմնականում այդպես է լինում»,- նշեց Նարեկ Բաբայանը:
Նա, սակայն, դժվարացավ աճուրդի ժամկետներ նշել. «Ավելորդ շտապողականության կարիք չունենք»:
Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի խոսքով՝ ներդրողների հետ հանդիպումների ժամանակ ներկայացվում են Տրանսպորտի նախարարության շենքն այլ նպատակներով շահագործելու հնարավորությունը: Նարեկ Բաբայանը չի բացառում, որ նախարարության շենքը ներկայացվի նաև միջազգային ցուցահանդեսներին:
Հիշեցնենք, որ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության շենքը 4 անգամ աճուրդի է հանվել, բայց հետաքրքրություն չէր եղել շենքի նկատմամբ: Վերջին աճուրդը նշանակվել էր 2017 թ.-ի դեկտեմբերի 4-ին:
Հանրապետության հրապարակում տեղակայված՝ Նալբանդյան 28 հասցեում գտնվող տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարության շենքի մակերեսը, սպասարկման տարածքը և ընդհանուր անշարժ գույքը գնահատվել էր 13 միլիարդ 374 միլիոն 640 հազար դրամ (27.8 մլն դոլար):
Նարեկ Բաբայանի խոսքով՝ այժմ էլ գույքը գնահատվում է 28 մլն դոլարի կարգի. «Բայց մրցույթը ցույց կտա՝ գինը աճում է, թե նվազում: Ես հակված եմ այն մտքին, որ ոչ թե աճուրդ լինի, այլ մրցույթ»,- ասաց նա:
Հարցին, թե ինչու են թե՛ նախորդ, թե՛ ներկայիս կառավարությունները փորձում վաճառել Տրանսպորտի նախարարության շենքը, Նարեկ Բաբայանը պատասխանեց, որ այն արդյունավետ չէ հետագա սպասարկման առումով:
«Խնդիրն այն է, որ այդ շենքը լուրջ ծախսերի, վերանորոգման կարիք ունի, լուրջ գումարների մասին է խոսքը: Նաև այդ շենքերն արդյունավետ չեն, այդ թվում՝ կառավարության շենքը, բայց իհարկե, կառավարության շենքի մասին խոսք չի կարող լինել: Արդյունավետ չեն իրենց հետագա սպասարկման իմաստով՝ հովացում, ջեռուցում և այլն: Շատ ավելի եկամտաբեր կլինի դա ինչ-որ մի գործարքով տալ շահագործման: Պարտադիր չէ շենքը վաճառելը, բոլոր հնարավոր տեսակի գործարքները կարող են տեղի ունենալ: Կարող է նույնիսկ պետությունը բաժնեմաս ունենա այդ ստեղծվող ընկերությունում: Այս ամենը քննարկման ենթակա է»,- նշեց Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահը: