Տառատեսակի չափը

A
A
A

Տառատեսակի չափը

A
A
A

Հրապարակումներ

Պետգույքի կոմիտեն քննարկմանն է ներկայացրել Երևանի երկաթուղու պոլիկլինիկան լուծարելու նախագիծը

19/07/2019 Հրապարակումներ

Պետական գույքի կառավարման կոմիտեն  մշակել և սահմանված կարգով ՀՀ կառավարության քննարկմանն է ներկայացրել «Երևանի երկաթուղու պոլիկլինիկա» ՓԲԸ-ի լուծարման մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծը։

Այս մասին «Արմենպրես»ը տեղեկացավ e-draft իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքից:

ՀՀ առողջապահության նախարարության «Երևանի երկաթուղու պոլիկլինիկա» ՓԲԸ-ն ընդգրկված է «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թթ. ծրագրի մասին» ՀՀ օրենքի ցանկում:  Ընկերության 100% պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի տնօրինման լիազորությունը ՀՀ կառավարության որոշմամբ վերապահված է Պետական գույքի կառավարման կոմիտեին: Ընկերության բաժնետոմսերը ՀՀ առողջապահության նախարարության կողմից Պետական գույքի կառավարման կոմիտեին են հանձնվել 2018 թվականին հանձնման-ընդունման ակտով:

Ըստ նախագծի` «Երևանի երկաթուղու պոլիկլինիկա» ՓԲԸ-ն իր գործունեությունը ծավալում էր ինչպես ՀՀ պետական բյուջեից ֆինանսավորման, այնպես էլ ձեռնարկատիրական գործունեությունից ստացվող եկամուտների հաշվին՝ ընկերությունը բժշկական ծառայություններ էր մատուցում «Հարավ կովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ին:

«2018 թ. համար ՀՀ պետական բյուջեից ֆինանսավորում նախատեսված չէր, իսկ ձեռնարկատիրական գործունեությունից ստացվող եկամուտները կտրուկ նվազել էին: «Երևանի երկաթուղու պոլիկլինիկա» ՓԲԸ-ի (Կատարող) և «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի (Պատվիրատու) միջև 2008 թ. կնքած պայմանագրերի համաձայն Կատարողը Պատվիրատուի աշխատակիցներին մատուցում էր նախաերթուղային և ետերթուղային ստուգման ծառայություններ (պայմանագրի գինը ամսական 3500.0 հազար դրամ) և բուժզննման ծառայություններ (պայմանագրի գինը ամսական 1700.0 հազար դրամ):

Սկսած 2017 թվականից «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի կողմից կրճատվել էին պատվերի ծավալները և «Երևանի երկաթուղու պոլիկլինիկա» ՓԲԸ-ի հետ կնքած նախաերթուղային և ետերթուղային ստուգման ծառայությունների մատուցման պայմանագիրը խզվել էր։ Գործում էր միայն բուժզննման ծառայություններ մատուցելու պայմանագիրը։ «Երևանի երկաթուղու պոլիկլինիկա» ՓԲԸ-ին աջակցելու նպատակով Պետական գույքի կառավարման կոմիտեն գրությամբ դիմել էր «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենին՝ խնդրելով քննարկել ընկերությանը լրացուցիչ ծառայություններ պատվիրելու հնարավորության հարցը։ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն  2018 թվականի գրությամբ հայտնել էր, որ լրացուցիչ բժշկական ծառայությունների անհրաժեշտություն ներկայումս ընկերությունը չունի։

Արդյունքում ընկերությունը հայտնվել է ծանր ֆինանսական դրության մեջ և ֆինանսական ցուցանիշները գնալով էլ ավելի են վատանում՝ օրեցօր ավելանում են ընկերության պարտավորությունները։ Ներկայումս ընկերությունը չի աշխատում, իսկ աշխատակիցները ազատված են աշխատանքից։ Աշխատողների թվաքանակը կազմում է 2 մարդ (տնօրեն, հաշվապահ)»,- նշված է նախագծում:

Հաշվի առնելով, որ «Երևանի երկաթուղու պոլիկլինիկա» ՓԲԸ-ի կողմից մատուցվող ծառայությունները յուրահատուկ չեն և կարող են մատուցվել նաև այլ բժշկական կազմակերպությունների կողմից, ինչպես նաև ընկերության գործունեությունը դերակատարում չունի առողջապահական համակարգում՝ ՀՀ առողջապահության նախարարությունը 2019 թվականի գրությամբ նշել է, որ նպատակահարմար չի համարում պոլիկլինիկայի մասնավորեցումը և դեմ չէ ընկերության լուծարմանը։