ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը ուսումնասիրության առարկա է դարձրել Տավուշի մարզում գործող բժշկական կենտրոնի օտարման վերաբերյալ ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեից ստացված տեղեկատվությունը: Այդ նպատակով անհրաժեշտ փաստաթղթեր են պահանջվել և ստացվել նաև ՀՀ Պետական եկամուտների կոմիտեից, ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունից: Ուսումնասիրությամբ պարզվել է, որ ՀՀ կառավարության 2014թ. համապատասխան որոշմամբ թույլատրվել է բժշկական կենտրոնը ուղղակի վաճառքի ձևով օտարել ՍՊԸ-ին, որի վերաբերյալ ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) և այդ ընկերության միջև կնքվել է պետական գույքի օտարման և գրավի պայմանագիր: Վկայակոչված պայմանագրով ընկերությունը պարտավորվել է հինգ տարվա ընթացքում կատարել 2 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամի ներդրում՝ յուրաքանչյուր տարի հավասարաչափ: Ընդ որում, մինչ ներդրումային պարտավորությունների կատարման ավարտը գույքը պետք է գրավադրված մնար հօգուտ ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման կոմիտեի:
2017 թվականի հոկտեմբերի 11-ի գրությամբ Ընկերությունը խնդրել է Գույքը գրավից հանել այն պատճառաբանությամբ, որ պայմանագրով իր կողմից ստանձնած ներդրումային պարտավորությունները կատարվել են հետևյալ ժամկետներում. 2015թ. սեպտեմբերի 23-ի դրությամբ՝ 208.351.000 ՀՀ դրամի, 2017թ. հուլիսի 28-ի դրությամբ՝ 661.527.000 ՀՀ դրամի, իսկ 2017թ. հոկտեմբերի 11-ի դրությամբ՝ 342.628.000 ՀՀ դրամի չափերով։ Հիմվելով նշված հանգամանքի վրա՝ 2017թ. նոյեմբերի 21-ին գույքը հանվել է գրավից։
Սակայն ուսումնասիրությամբ պարզվել է, որ ներդրումային պարտավորությունների կատարման վերաբերյալ Ընկերության կողմից ներկայացված տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը:
Մասնավորապես, 2015թ. սեպտեմբերի 23-ին ՍՊԸ-ն Կոմիտեին ներկայացրել է 208.3մլն ՀՀ դրամի ներդրում կատարելու վերաբերյալ տեղեկատվություն՝ կցելով՝ հաշվապահական հաշվեկշիռը և փորձագետի եզրակացությունը: Ըստ դրանցում առկա տվյալների՝ կատարված ներդրումներից 102.8մլն ՀՀ դրամն իրականացվել է շինարարական աշխատանքների տեսքով: Մինչդեռ, ՀՀ պետական եկամուտների կոմիտեից ստացված տեղեկատվությամբ պարզվել է, որ Ընկերության կողմից 2014-2018թթ. շինարարական աշխատանքներ կատարելու համար դուրս գրված հաշիվների վերաբերյալ հարկային մարմնում տեղեկատվություն առկա չէ:
Բացի այդ, 2017թ. հուլիսի 28-ին Ընկերությունը կրկին դիմել է Կոմիտեին և հայտնել, որ մեկ այլ ընկերությանը միացման ձևով վերակազմակերպման արդյունքում 661.5մլն ՀՀ դրամի ակտիվների ներհոսք է կատարվել և խնդրել է Ընկերության կողմից ներդրումային պարտավորությունները նույն գումարի չափով համարել կատարված: Մինչդեռ, ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունից ստացված փաստաթղթերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ դեռևս 2017թ. փետրվարի 2-ին ընկերության մասնակիցների արտահերթ ընդհանուր ժողովի որոշմամբ Ընկերությունը վերակազմակերպվել է առանձնացման ձևով, որի արդյունքում ստեղծվել է մեկ այլ ընկերություն՝ ՍՊԸ: Ընդ որում, Ընկերության բաժանիչ հաշվեկշիռով նոր ստեղծված ընկերությանը փոխանցվել է ճիշտ նույնչափով՝ 661.5մլն ՀՀ դրամ: Ստեղծված ՍՊԸ-ն մի քանի ամիս անց իրականացված նոր վերակազմակերպման արդյունքում կրկին միացվել է, որի հաշվեկշռի այդ գումարն էլ Ընկերությունը արհեստականորեն դիտարկել է որպես այդ չափով ներդրումային պարտավորության կատարում:
Պարզվել է նաև, որ 2017 թվականի հոկտեմբերի 11-ի դրությամբ 342.6մլն ՀՀ դրամի չափով որպես կատարված ներդրումային պարտավորություն է դիտվել նաև Ընկերության հաշվեկշռում առկա գույքի շուկայական արժեքի գնահատումը: Հատկանշական է, գնահատված գույքի ցանկից հնարավոր չէ կատարել գույքի նույնականացում, մասնավորապես՝ նշված չեն արտադրման տարեթիվը, ծագման երկիրը, տեխնիկական բնութագիրը:
Բացի վերոնշյալը, ուսումնասիրությամբ տվյալներ են ձեռք բերվել նաև, որ թեև Կառավարության նշված որոշմամբ նախատեսվել է ընկերության լուծարումից հետո՝ 2015թ. հոկտեմբերի 20-ին մնացած 194 անուն 339 հատ, շուրջ 74 մլն ՀՀ դրամ մնացորդային արժեքով գույքը ամրակցել մարզպետարանի աշխատակազմին, սակայն մարզպետարանի պաշտոնատար անձինք ծառայության նկատմամբ անբարեխիղճ կամ անփույթ վերաբերմունքի հետևանքով չեն կատարել իրենց պարտականությունները: Դրա հետևանքով մարզպետարանի ամրակցված պետական գույքը առանց օրինական հիմքի դուրս է եկել օրինական տնօրինումից՝ առաջացնելով ծանր հետևանքներ:
Այսպիսով, ըստ ուսումնասիրության արդյունքների՝ 2015-2017թթ. ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեի պատասխանատու պաշտոնատար անձինք, իրենց պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, չկատարված շինարարական աշխատանքները, Ընկերության վերակազմակերպման հետևանքով արհեստականորեն ստեղծած ակտիվների ներհոսքը, Ընկերության հաշվեկշռում առկա գույքի շուկայական արժեքի գնահատումը դիտել են որպես ներդրումային պարտավորությունների կատարում և գրավադրված գույքը հանել են արգելանքից՝ էական վնաս սպատճառելով պետության օրինական շահերին:
Ստացված արդյունքները, փաստորեն, տվյալներ են պարունակում նաև Ընկերության մասնակիցների և պատասխանատու անձանց կողմից նախնական համաձայնությամբ փաստաթղթեր կեղծելու և օգտագործելու, ինչպես նաև շուրջ 1 մլրդ 107մլն ՀՀ դրամ ներդրումային պարտավորությունը չկատարելու պայմաններում խաբեությամբ ուրիշի գույքի նկատմամբ առանձնապես խոշոր չափերով իրավունք ձեռք բերելու վերաբերյալ:
Նկատի ունենալով, որ ուսումնասիրությամբ արձանագրված խախտումներն առերևույթ պարունակում են հանցագործության հատկանիշներ՝ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 308-րդ հոդվածի 2-րդ մասով, 315-րդ հոդվածի 2-րդ մասով և 325-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին: