Հոդված 9. Քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի տեսակները, առանձնահատկությունները
1.Քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթը (այսուհետ՝ մրցույթ) հիմնված է հավասար հնարավորությունների և արժանիքների վրա:
2.Մրցույթը դասակարգվում է երկու տեսակի՝ արտաքին և ներքին:
3.Մրցույթներն անցկացնում են համապատասխան մարմինները, բացառությամբ գլխավոր քարտուղարի քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի, որն անցկացնում է քաղաքացիական ծառայության գրասենյակը:
4.Մրցույթ անցկացնելու համար նախապատրաստական աշխատանքներն իրականացնում է համապատասխան մարմնի անձնակազմի կառավարման ստորաբաժանումը։
5.Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի գլխավոր քարտուղարի մրցույթը կազմակերպում և անցկացնում է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը:
Հոդված 10. Քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթը
1.Մրցույթը հայտարարվում է քաղաքացիական ծառայության պաշտոնը թափուր մնալուց հետո` երեք ամսվա ընթացքում: Եթե հայտարարված մրցույթին մասնակցելու համար ոչ մի դիմում չի ներկայացվել, կամ ներկայացված բոլոր դիմումներում առկա է սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված հիմքերից որևէ մեկը, ինչպես նաև եթե մրցույթին մասնակցելու համար դիմում ներկայացրած անձանցից ոչ մեկը չի ներկայացել, կամ մրցույթի մասնակիցներից ոչ մեկը չի հաղթահարել թեստավորման փուլը, կամ հարցազրույցի փուլ անցած մասնակիցներից ոչ մեկը չի հաղթահարել հարցազրույցի փուլը կամ հաղթահարել է հարցազրույցի փուլը և պաշտոնի նշանակման համար դիմում չի ներկայացրել, ապա տվյալ պաշտոնի համար մրցույթ հայտարարվում է մեկ ամսվա ընթացքում:
2.Մինչև արտաքին մրցույթ հայտարարելը պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի որոշմամբ կարող է անցկացվել ներքին մրցույթ: Քաղաքացիական ծառայության պաշտոնը թափուր մնալուց հետո տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար կարող է անցկացվել մեկ ներքին մրցույթ: Եթե ներքին մրցույթին մասնակցելու համար ոչ մի դիմում չի ներկայացվել, կամ ներկայացված բոլոր դիմումներում առկա է սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված հիմքերից որևէ մեկը, ինչպես նաև եթե ներքին մրցույթին մասնակցելու համար դիմում ներկայացրած անձանցից ոչ մեկը չի ներկայացել, կամ ներքին մրցույթի մասնակիցներից ոչ մեկը չի հաղթահարել թեստավորման փուլը, կամ հարցազրույցի փուլ անցած մասնակիցներից ոչ մեկը չի հաղթահարել հարցազրույցի փուլը կամ հաղթահարել է հարցազրույցի փուլը և պաշտոնի նշանակման համար դիմում չի ներկայացրել, ապա անցկացվում է արտաքին մրցույթ: Ներքին մրցույթին կարող են մասնակցել տվյալ մարմնի հանրային ծառայողները և քաղաքացիական ծառայության կադրերի ռեզերվում գրանցված քաղաքացիական ծառայողները:
3.Մրցույթ անցկացնելու մասին հայտարարությունը մրցույթն անցկացնող համապատասխան մարմինը հրապարակում է մրցույթն անցկացնելուց ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ՝ մրցույթի նախապատրաստական աշխատանքներն իրականացնող մարմնի պաշտոնական կայքէջում, քաղաքացիական ծառայության գրասենյակի պաշտոնական կայքէջում և Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքէջում: Հայտարարության հետ հրապարակվում են նաև այն բնագավառները, որոնցից կազմված է լինելու թեստը:
4.Քաղաքացին չի մասնակցում մրցույթին, եթե չի բավարարում սույն օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասով և 17-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված պահանջները, և (կամ) առկա է «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածով նախատեսված հիմքերից որևէ մեկը, և (կամ) առկա է սույն օրենքի 37-րդ հոդվածի 8-րդ մասով նախատեսված հիմքը:
5.Մրցույթին մասնակցելու համար քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է էլեկտրոնային տարբերակով: Մրցույթի մասնակցության հարցը որոշում է գլխավոր քարտուղարը՝ անձնակազմի կառավարման ստորաբաժանման տված եզրակացության հիման վրա: Մրցույթի մասնակցության որոշման մասին անձնակազմի կառավարման ստորաբաժանումը երեք աշխատանքային օրվա ընթացքում էլեկտրոնային տարբերակով տեղեկացնում է դիմող քաղաքացուն: Գլխավոր քարտուղարի` քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնի մրցույթի մասնակցության հարցը որոշում է քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավարը՝ գրասենյակի համապատասխան կառուցվածքային ստորաբաժանման տված եզրակացության հիման վրա: Քաղաքացիական ծառայության գրասենյակը թեստավորման մասնակցության որոշման մասին երեք աշխատանքային օրվա ընթացքում էլեկտրոնային տարբերակով տեղեկացնում է դիմող քաղաքացուն:
6.Մրցույթն անցկացվում է երկու փուլով՝ թեստավորում և հարցազրույց: Մրցույթն անցկացվում է, եթե դիմել է առնվազն մեկ քաղաքացի:
7.Թեստավորումն անցկացնում են համապատասխան մարմիններն էլեկտրոնային եղանակով՝ քաղաքացիական ծառայության տեղեկատվական հարթակում:
8.Քաղաքացիական ծառայության պաշտոնների առանձնահատկություններից ելնելով կարող են կազմվել տարբեր բովանդակությամբ թեստեր: Թեստերը պետք է բխեն քաղաքացիական ծառայության պաշտոնի անձնագրով սահմանված մասնագիտական գիտելիքների ու կոմպետենցիաների տիրապետմանը ներկայացվող պահանջներից: Թեստերում ընդգրկվող առաջադրանքների հարաբերակցությունը որոշվում է ըստ պաշտոնների ենթախմբերի. որքան ցածր է պաշտոնի ենթախումբը, այնքան գերակշռում են մասնագիտական գիտելիքների վերաբերյալ առաջադրանքները:
9.Թեստերում ընդգրկվող առաջադրանքները, որոնք վերաբերում են մասնագիտական գիտելիքներին, կազմում և քաղաքացիական ծառայության տեղեկատվական հարթակում տեղադրում է համապատասխան մարմինը, իսկ կոմպետենցիաների վերաբերյալ առաջադրանքները` քաղաքացիական ծառայության գրասենյակը:
10.Գլխավոր քարտուղարի քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի թեստում ընդգրկվող մասնագիտական գիտելիքների և կոմպետենցիաների վերաբերյալ առաջադրանքները կազմում է քաղաքացիական ծառայության գրասենյակը:
11.Մրցույթի մասնակիցը, պատասխանելով թեստում ընդգրկված առաջադրանքներին, անմիջապես տեղեկանում է իր ստացած արդյունքների մասին: Թեստավորման արդյունքների հետ համաձայն չլինելու դեպքում մրցույթի մասնակիցն իր արդյունքների մասով կարող է բողոք ներկայացնել գլխավոր քարտուղարին: Գլխավոր քարտուղարը քննում է դիմումը
- ընդունում արդյունքները փոփոխելու կամ նույնը թողնելու մասին որոշում: Գլխավոր քարտուղարի` քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնի համար անցկացվող մրցույթի թեստավորման արդյունքների հետ համաձայն չլինելու դեպքում մրցույթի մասնակիցն իր արդյունքների մասով կարող է բողոք ներկայացնել քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավարին: Քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավարը քննում է դիմումը և ընդունում արդյունքները փոփոխելու կամ նույնը թողնելու մասին որոշում:
12.Մրցույթի երկրորդ՝ հարցազրույցի փուլին մասնակցելու իրավունք են ձեռք բերում Կառավարության սահմանած միավորից բարձր առավելագույն միավորներ ստացած հինգ մասնակիցը: Եթե միևնույն արդյունք ունենալու դեպքում հնարավոր չէ պարզել առավելագույն միավորներ հավաքած և թեստավորման փուլը հաղթահարած հինգ մասնակցին, ապա միևնույն առավելագույն միավորներ հավաքած մասնակիցներն անցնում են հարցազրույցի փուլ: Թեստավորման փուլը հաղթահարած մասնակիցների թիվը հինգից պակաս լինելու դեպքում բոլոր մասնակիցներն իրավունք են ձեռք բերում մասնակցելու հարցազրույցի փուլին, եթե հավաքել են թեստավորման փուլը հաղթահարելու համար անհրաժեշտ միավորը:
13.Հարցազրույցն անցկացնում է տվյալ պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի ձևավորած հանձնաժողովը, բացառությամբ գլխավոր քարտուղարի քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի, որի դեպքում հանձնաժողովը ձևավորում է քաղաքացիական ծառայության գրասենյակը՝ համակարգող փոխվարչապետի հաստատած հանձնաժողովի անդամության թեկնածուների ցանկից:
14.Պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի ձևավորած հանձնաժողովի կազմում ընդգրկվում են տվյալ պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը կամ նրան փոխարինող պաշտոնատար անձը, այն կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարը կամ նրան փոխարինող պաշտոնատար անձը, որի թափուր պաշտոնն զբաղեցնելու համար հայտարարվել է տվյալ մրցույթը, անձնակազմի կառավարման ստորաբաժանման ղեկավարը կամ նրան փոխարինող պաշտոնատար անձը, ինչպես նաև տվյալ պաշտոնի համար անհրաժեշտ մասնագիտական գիտելիքների և կոմպետենցիաների տիրապետման մակարդակն ստուգելու կարողություններ ունեցող այլ անձինք:
15.Հանձնաժողովը կազմված է առնվազն հինգ անդամից:
16Հարցազրույցի փուլը հաղթահարում է մեկ մասնակից: Հարցազրույցի արդյունքում հանձնաժողովը պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձին ներկայացնում է եզրակացություն հարցազրույցի մասնակիցների վերաբերյալ՝ նշելով հարցազրույցի փուլը հաղթահարած միակ մասնակցին: Հանձնաժողովի եզրակացությունն ստանալուց հետո` երեք աշխատանքային օրվա ընթացքում, պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը հարցազրույցի փուլը հաղթահարած միակ մասնակցին նշանակում է համապատասխան պաշտոնի:
17. Եթե երկու անգամ անընդմեջ հայտարարված արտաքին մրցույթին մասնակցելու համար ոչ մի դիմում չի ներկայացվել, կամ ներկայացված բոլոր դիմումներում առկա է սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված հիմքերից որևէ մեկը, ապա համապատասխան մարմինը սույն օրենքով սահմանված կարգով փոփոխում է տվյալ պաշտոնի համար սահմանված պահանջները:
18. Անվանացանկում կատարված լրացումների և փոփոխությունների հետևանքով առաջացած քաղաքացիական ծառայության նոր պաշտոնները, բացառությամբ համապատասխան մարմնի վերակազմակերպման և (կամ) կառուցվածքային փոփոխության հետևանքով առաջացած քաղաքացիական ծառայության պաշտոնների, զբաղեցվում են մրցույթով:
19. Համապատասխան մարմնում քաղաքացիական ծառայողի առաջխաղացումն իրականացվում է միայն սույն օրենքով սահմանված մրցույթով:
20.Մրցույթի արդյունքով նույն համապատասխան մարմնում քաղաքացիական ծառայության այլ պաշտոնի նշանակվելու դեպքում քաղաքացիական ծառայողի հետ վերջնահաշվարկ չի կատարվում:
21.Մրցույթն անվավեր է ճանաչվում դատական կարգով: Մրցույթն անվավեր ճանաչվելու դեպքում հայտարարվում մրցույթ, որն անցկացվում է սույն օրենքով սահմանված կարգով:
22.Մրցույթ անցկացնելու կարգը սահմանում է Կառավարությունը:
23.Թեստերը կազմելու, թեստային առաջադրանքները ձևավորելու, թեստային առաջադրանքների բովանդակային առանձնահատկությունները, թեստային առաջադրանքների քանակը, հարցազրույցի անցկացման մեթոդաբանությունը և ձևաչափը սահմանում է համակարգող փոխվարչապետը:
«Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը